Երկքաղաքացիություն ունեցող 95 հազար ՀՀ քաղաքացու 80 տոկոսը Հայաստանում է. Վարդան Եղիազարյան

Երկքաղաքացիություն ունեցող անձանց 80 տոկոսը Հայաստանում է: ԱԺ ամբիոնից հայտարարեց Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը՝ նշելով, որ իրենց տվյալներով երկրորդ քաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 95 հազար է:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հարցին, թե որ երկրում են ամենից շատը ՀՀ քաղաքացիները ստանում երկրորդ քաղաքացիություն, Եղիազարյանը պատասխանեց, որ Ռուսաստանի Դաշնությունում:

Ինչ վերաբերում է պատգամավորի հարցին, թե եվրոպական որ երկրներում են ամենից շատ բնակվում ՀՀ քաղաքացիները, որոնք չեն հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, բայց չեն էլ ստանում Եվրամիության երկրներից որևէ մեկի քաղաքացիությունը, որտեղ հանձնվել են, բնակվել անվճար ճամբարներում, ստացել աշխատանքի իրավունք, բայց քաղաքացի չեն դարձել, ոստիկանության պետի տեղակալը հայտարարեց, որ նման հաշվառում չունեն:

«Մենք նման տեղեկատվության չենք տիրապետում, իհարկե, բացառությամբ նրանց, ովքեր քրեածին արարքներ են կատարել, որոնք ունեն քրեական հետք ու զբաղվում ենք նրանցով՝  անօրինական միգրացիայի, ինտերպոլի խողովակներով ստացված տեղեկատվության համաձայն»,- նշեց Վարդան Եղիազարյանը:

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ դիտարկում կատարեց, որ ազգային անվտանգության համար վտանգավոր է, երբ Ոստիկանությունը չի տիրապետում երկքաղաքացիների լիարժեք տվյալներին: Վարդան Եղիազարյանը նշեց, որ իրենց տվյալներով երկքաղաքացի են շուրջ 95 հազարը, բայց Ջհանգիրյանն այս առումով հայտնեց իր անհամաձայնությունը:

«Որպես ինքնիշխան պետություն, ցավալի է, որ մենք լծակներ չունենք կամ դեռևս չունենք, որպեսզի հաշվառենք ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ունեն նաև այլ երկրի քաղաքացիություն: Վստահ եմ, որ դա մի քանի հարյուր հազար է, եթե ոչ ավելի: Այստեղ ազգային անվտանգության խնդիր կա: Կառավարությունը պետք է մտածի այս ուղղությամբ, որպեսզի լրացնենք երկքաղաքացիության պահոցը: Դուք էլ լավ գիտեք, որ 95 հազարը դա փոքր թիվ է»,- շեշտեց Ջհանգիրյանը:

ՀՀԿ խմբակցությունից Խոսրով Հարությունյանն էլ հետաքրքրվեց, թե երկքաղաքացիություն ունեցող 95 հազարը արդյոք այն անձինք են, որոնք արտագաղթել են, Հայաստանում չեն բնակվում, Վարդան Եղիազարյանը պատասխանեց, որ բազաները կազմվում են ԱՎՎ-ի՝ «Օվիրի» տվյալներով, մնացածը՝ ստացվում է հյուպատոսություններից:

«Գերակշռող մարդիկ գտնվում են ՀՀ-ում ու իրենց սոցիալական խնդիրների լուծման հարցն են բարձրացնում: Հատուկ մոնիթորինգ չունենք, թե որքանն են ՀՀ-ից դուրս, բայց մոտավոր հաշվարկով նրանց 80 տոկոսը գտնվում է ՀՀ-ում»,- պատասխանեց Ոստիկանության պետի տեղակալը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Երկքաղաքացիություն ունեցող 95 հազար ՀՀ քաղաքացու 80 տոկոսը Հայաստանում է. Վարդան Եղիազարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*