Զգուշացնում ենք վարչապետին՝ իր բռնություններով, հալածանքներով եւ սադրանքներով երկիրը չտանել ապակայունացման, դրանով անհնար է զսպել համաժողովրդական բողոքի եւ ցասման արդար ալիքը. ՀՅԴ Բյուրո

2020 թ. նոյեմբերի 10֊ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պատերազմը դադարեցնելու մասին ստորագրած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան` պարտվողական եւ նվաստացուցիչ մի փաստաթուղթ, որը ոչ միայն մեծագույն հանցագործութիւն է հայրենիքի եւ ողջ հայ ազգի շահերի, իղձերի եւ նպատակների նկատմամբ, այլ նաև, միանշանակ, վտանգում եւ ոտնահարում է հայ ժողովրդի ներկա և գալիք սերունդների անկախ, անվտանգ եւ զարգացող երկրում ապրելու, եւ արժանապատիվ ապագա կառուցելու բացարձակ իրավունքը։

Հայաստանի եւ Արցախի ամբողջական անձնատվության (կապիտուլյացիայի) մասին դատապարտելի եւ անընդունելի այս փաստաթուղթն առաջացրել է հայ ժողովրդի ընդվզումն ու ցասումը, որի արդարացի պահանջը կացությունը փրկելու նպատակով Նիկոլ Փաշինյանի անցնցում հեռացումն է։

Համաժողովրդական ընդվզման ֆոնին, պատասխանատվությունից խուսափելու, սեփական իշխանությունը երկարաձգելու եւ բռնի միջոցներով համաժողովրդական ընդվզումը լռեցնելու նպատակով, իշխող վարչախումբը սկսել է ձերբակալել ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին եւ այլ հանրային գործիչներին։

Խստորեն դատապարտելով հակաօրինական ձերբակալությունները` վստահեցնում ենք, որ նման արարքներով անհնար է զսպել համաժողովրդական բողոքի եւ ցասման արդար ալիքը։

Միևնույն ժամանակ, կենսական ենք համարում եռակողմ հայտարարությամբ նախատեսված քայլերի իրականացման շուրջ եւ առհասարակ Արցախի հիմնահարցի կարգավորման հաջորդ փուլերի բանակցություններին՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների, ընդհանրապես հայ ժողովրդի շահերը արժանավոր կերպով պաշտպանելու հնարավորություն ստեղծելու համար՝ վարչապետ Փաշինյանի հրաժարականը այդ պաշտոնից։

Վարչապետի հրաժարականը կվկայի այն մասին, որ նա իր անձնական քաղաքական փառասիրությունը ստորադասում է ազգային-պետական շահին։ Եթե իսկապես վարչապետը եռակողմ հայտարարությունը ստորագրել է Հայրենիքի մնացորդի փրկության նպատակով, նույն տրամաբանությամբ նա պիտի հեռանա իր պաշտոնից՝ հնարավորություն տալով քաղաքական դաշտին միավորելու ազգային ամբողջ ներուժը եւ դուրս գալու այս իրավիճակից։ Զգուշացնում ենք վարչապետին՝ իր բռնությոններով, հալածանքներով եւ սադրանքներով երկիրը չտանել ապակայունացման։ Կոչ ենք անում մեր ժողովրդին լինել զգոն եւ չտրվել սադրանքների։

Առնվազն ինքը՝ վարչապետը, շատ լավ գիտի Հ.Յ.Դաշնակցության անսակարկ ու անմնացորդ նվիրումը հայրենիքին, պատերազմի առաջին իսկ ժամերից հենց իրեն՝ վարչապետին հայտնած մեր պատրաստակմությունը՝ մեր միջև բոլոր տարաձայնությունները դեն դնելու և Հայոց բանակին զինվորագրուելու Դաշնակցության ողջ կառույցի հանձնառությունը և այդ պատրաստակամությունն ու հանձնառությունը հետագա օրերին ռազմաճակատում և թիկունքի ներքին ու արտաքին հարթակներում իրագործելու փաստը։ Պատերազմի ամբողջ ընթացքում տարբեր առիթներով այդ մասին հայտնել ենք վարչապետին։

Վերջապես, դիմում ենք աշխարհասփյուռ մեր երիտասարդությանը` չվհատվելու, չհիասթափվելու եւ չհուսահատելու. մեր ազգային շահերի պաշտպանության համար մեր հանձնառությունը ամբողջական է, եւ հարատեւ պայքարով, թեկուզ, երբեմն, անհաջող, ի վերջո կհասնենք մեր համազգային նպատակներին։ 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Զգուշացնում ենք վարչապետին՝ իր բռնություններով, հալածանքներով եւ սադրանքներով երկիրը չտանել ապակայունացման, դրանով անհնար է զսպել համաժողովրդական բողոքի եւ ցասման արդար ալիքը. ՀՅԴ Բյուրո"

Leave a comment

Your email address will not be published.


*