Զոյա (Պատմվածք)

Աննախադեպ ցրտաշունչ ձմեռ էր: Տարիներ տևող պատերազմը քամել էր մարդկանց ամբարներն ու հոգիները: Պատերազմի դաշտից երբեմն-երբեմն ստացվող ուրախ լուրերն էին միայն գոտեպնդում ու ստիպում ապրել՝ խաղաղ ապագայի հույսով: Այդ տարիներին Ստաշկովների ընտանիքը ապրում էր Սիբիրի գյուղերից մեկում: Ընտանիքի հայրը՝ Պետրոսը, մեկնել էր պատերազմի, իսկ մայրը՝ Կլավդիան, աշխատում էր հացի փռում: Այս աշխատանքի շնորհիվ նրան հաջողվում էր կերակրել իր երեխաներին և մեղմել պատերազմի դառնությունը: Հարևաններին էլ կարող էր օգնել, բայց վախենում էր: Ամեն օր մի կտոր խմոր էր կապում փորին, քողարկում շորերով ու բերում տուն: Երբեմն նա սիրտ էր անում, և գյուղի սոված երեխաներին կանչում էր իր տուն ու կերակրում, չնայած, դա վտանգավոր էր, կարող էր կասկած հարուցել, իսկ հետևանքները կանխատեսելի էին: Պետրոսից մի քանի տարի է լուր չկար: Օրերից մի օր էլ նամակ եկավ, որում ասվում էր, թե նա անհետ կորածների ցուցակում է: «Ինչպե՞ս թե անհետ կորած է: Մեր հայրը չէ՛ր կարող անհետ կորել»,- վիրավորված ու ըմբոստացած արտասվում էր փոքրիկ Զոյան: Յոթամյա աղջնակը չէր կարողանում հավատալ, որ իր հայրը կարող էր կորել: Ամիսներն անցնում էին: Բոլորը համակերպվել էին Պետրոսի զոհված լինելու մտքի հետ՝ բացի Զոյայից: Նա տհաճորեն նկատում էր հարևան Գրիշայի հաճախակի այցելությունները իրենց տուն: Մի օր էլ մայրը ասաց, որ Գրիշան կամենում է իրենց հայրը դառնալ: «Մենք հայրիկ ունենք, մեզ պետք չի օտար հայրիկը»,-արցունքների միջից բղավում էր Զոյան,- «դավաճա՛ն ես դու, դավաճա՛ն»,- վիրավորված ասում էր մորը: Իսկ մայրը ոչ թե դավաճան էր, այլ միայնակ կին էր: Պատերազմ էր, մարդը մարդով էր ապրում: Այդ դեպքից հետո Կլավդիան խնդրեց Գրիշային, որ այլևս իրենց տուն չգա.« Երեխաներս իրենց հորն են սպասում»,- արցունքների միջից շշնջաց նա: Պատերազմը ավարտվել էր հաղթանակով: Շատերը գնացել էին՝ անվերադարձ: Զոյան դեռ սպասում էր: Գիշեր էր: Դուռը թակեցին: Մայրը ասաց՝ չբացեք, կարող է օտար մարդիկ են: Դռան ետևից լսվեց Զոյայի հոր ձայնը: Երեխաները ամուր գրկել էին վիրավոր հորը. « Ես գիտեի, որ դու չես կարող կորել»,- ասում էր Զոյան: «Ինչ լավ է չամուսնացա»,-մտածում էր Կլավդիան:

Մարինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Զոյա (Պատմվածք)"

Leave a comment

Your email address will not be published.


*