«Էրդողանը, մասնակցելով հարևան երկրներում հակամարտություններին, հույս ունի վերականգնել ազգային միասնությունը և խուսափել Թուրքիայի հետագա մասնատումից»․ New Europe

Թուրքիայի՝ ողբալի վիճակում գտնվող տնտեսությունը հանգեցնում է աղետի․ այդ երկրի տնտեսական վիճակը շատ ավելի վատ է, քան կառավարությունը պնդում է, և չկա գործազրկության և ընտանիքների եկամուտների հավաստի պաշտոնական վիճակագրություն։ Կառավարությունը նման թվերը գաղտնի է պահում, և դա բավարար է ցույց տալու համար, որ Թուրքիայում իրավիճակն իսկապես վատ է, գրում է New Europe թերթը։

Հոդվածագիր, լրագրող և գրող Վասիլի Կորոնակիի խոսքով՝ արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ Թուրքիայի տնտեսական և սոցիալական վիճակը վատանում է, և երկրի ամբողջ տարածքում միջին դասի ընտանիքները սկսել են ընտանեկան զարդերի զանգվածային վաճառք։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փակուղում է, որից նա չի կարողանում դուրս գալ։ Նա որոշել է միջամտել հարևան երկրներում ռազմական հակամարտություններին՝ կարծելով, որ այդպիսով կվերականգնի ազգային միասնությունը և կխուսափի Թուրքիայի հետագա մասնատումից՝ քրդական պետության ստեղծմամբ, որն այս կամ այն կերպ գտնվում է կայացման գործընթացում, գրում է նա։

«Էրդողանը զորքեր է տեղակայել Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, իսկ այժմ նաև Լեռնային Ղարաբաղում՝ ադրբեջանական զորքերի հետ միասին։ Վերջերս ներքին վերահսկողության պահպանմանն ուղղված հուսահատ քայլով Ռեջեփ Էրդողանը բարձրացրեց խաղադրույքները և ուղղակի առճակատման մեջ մտավ Եվրամիության հետ՝ ռազմական գործողություններով սպառնալով Հունաստանին, միաժամանակ նախազգուշացնելով մյուս երկրներին, որ «իրենց քաղաքներն այլևս անվտանգ չեն լինելու»,- նշում է հոդվածագիրը։

Նրա խոսքով՝ նախազգուշացումն անուղղակի էր, բայց ակնհայտորեն հասցեագրված է առաջին հերթին Գերմանիային, որտեղ բնակվող հինգ միլիոն մահմեդականներից չորս միլիոնը թուրքական ծագում ունեն և գտնվում են Անկարայի վերահսկողության տակ: Գերմանիայում կան բավարար քանակությամբ մզկիթներ և իսլամական մշակութային կենտրոններ և բոլոր իսլամական հոգևոր առաջնորդները գտնվում են Գերմանիայում թուրքական հյուպատոսարանների անմիջական հսկողության տակ:

Հոդվածագրի հաղորդմամբ՝ իրավիճակը, սակայն, այժմ հասել է բեկումնային կետի և «Վաշինգտոնին մոտ կանգնած աղբյուրների տվյալներով՝ չի բացառվում, որ մոտ ժամանակներս թուրք զինվորականները կարող են իրենց վրա վերցնել Էրդողանի ռեժիմի տապալման և ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը՝ խուսափելով երկրի մասնատումից և վերականգնելով նրա երկար ու դժվարին ճանապարհը դեպի Եվրոպա։ Սակայն դա իրադարձությունների զարգացման լավագույն տարբերակն է»։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Էրդողանը, մասնակցելով հարևան երկրներում հակամարտություններին, հույս ունի վերականգնել ազգային միասնությունը և խուսափել Թուրքիայի հետագա մասնատումից»․ New Europe"

Leave a comment

Your email address will not be published.


*