Էրդողանը տարիներ առաջ էր պլանավորել հեղաշրջման փորձը. Գյուլեն

Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող ամերիկաբնակ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը գերմանական Die Zeit պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս տարիներ առաջ է պլանավորել հեղաշրջման այդ փորձը:

 

Ըստ Գյուլենի, հեղաշրջման փորձը որպես պատրվակ օգտագործելով, Էրդողանը կադրային զտումներ է իրականացնում, որպեսզի ուժեղացնի իր իշխանությունը:

Գյուլենը նաև բացահայտել է, թե ինչպես են փչացել իր և Էրդողանի հարաբերությունները:
«Նա սպասում էր, որ մենք պետք է նրան համայն աշխարհի մահմեդականների առաջնորդ հայտարարենք, մտածում էր, որ համաշխարհային մակարդակով պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Սակայն երբ դա տեղի չունեցավ` սկսեց գործել մեր դեմ»,- ասել է Գյուլենը:

 

78-ամյա Գյուլենը, որը 1999թ.-ից գտնվում է ԱՄՆ-ում, անկեղծացել է՝ ասելով, որ կարոտում է իր հայրենիքը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Էրդողանը տարիներ առաջ էր պլանավորել հեղաշրջման փորձը. Գյուլեն"

Leave a comment

Your email address will not be published.


*