«Էրեբունի» ԲԿ-ում Սարի թաղի բախումներից 9 տուժածներից 3-ը վերակենդանացման բաժանմունքում են

«Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ գիշերը Երևանում Սարի թաղում ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով իրենց մոտ ընդունել են 16 տուժած:

«Այս պահին հիվանդանոցում բուժում է ստանում 9 հիվանդ, այդ թվում նաև երեկ ԲԿ տեղափոխված ՊՊԾ գնդի տարածքից Արմեն Լամբարյանը»,-ասաց նա և նշեց, որ իրենց մոտ տեղափոխվածներից երեքը վերակենդանացման բաժանմունքում են, որոնցից մեկը հենց Արմեն Լամբարյանն է:

Միքայել Մանուկյանը հայտնեց, որ Արմեն Լամբարյանը վիրահատվել է, վիրահատությունն անցել է, այս պահին արհեստական շնչառական ապարատն անջատվել է և նրա գիտակցությունը տեղն է, վիճակը գնահատվում է կայուն:

Տնօրենը նաև հայտնեց, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվողներից երկրորդը ոստիկան է, որը ԲԿ է տեղափոխվել որովայնի հրազենային վնասվածքից՝ ծանր վիճակով: Նա ստացել է նաև հաստաղիքի վնասվածք և անհապաղ վիրահատության է ենթարկվել: Բժիշկն ասաց, որ այս պահին նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն, արհեստական շնչառական սարքն անջատվել է:

Իսկ վերակենդանացման բաժանմունքում գտնվող երրորդ անձը՝ քաղաքացիական անձ է, ով հիվանդանոց է տեղափոխվել ծնոտի կոտրվածքով, նա ևս վիրահատվել է երեկ, վիճակը բավարար է, այսօր կտեղափոխեն հիվանդասենյակ:

Այսպիսով` այս պահին հիվանդանոցում գտնվող ինը տուժածներից վեցը ոստիկան են, երկուսը՝ քաղաքացիական անձ, մեկը՝ ՊՊԾ գնդի տարածքից:

Բժիշկը նաև նշեց, որ իրենց մոտ տեղափոխվածների մեջ մանկահասակ երեխա չի եղել, իսկ տուժածների վնասվածքները հիմնականում թեթև փոքր վերքեր են եղել:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Էրեբունի» ԲԿ-ում Սարի թաղի բախումներից 9 տուժածներից 3-ը վերակենդանացման բաժանմունքում են"

Leave a comment

Your email address will not be published.


*