Թուրքիայի խորհրդարանի խմբակցություններից 3-ը Բունդեսթագի ընդունած բանաձևը դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել

Թուրքիայի խորհրդարանի 4 խմբակցություններից 3-ը Գերմանիայի Բունդեսթագի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի դեմ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։

Հայտարարությունը ստորագրել են իշխող «Արդարություն և զարգացում», ընդդիմադիր «Ազգայնական շարժում» և «Ժողովրդահանրապետական» կուսակցությունները։

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը, ինչպես և ենթադրվում էր, հայտարարությանը չի միացել։

Թուրք պատգամավորները Գերմանիայի խորհրդարանի որոշումն «անարդար» են որակել ու նշել են, որ իրենք, լինելով «մեծ թուրք ազգի ներկայացուցիչները», դատապարտում են այն։

«Այդ անարդար և անհիմն որոշումը մեր ազգի զայրույթի պատճառ է դարձել։ Գերմանիայի խորհրդարանի՝ 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած տեղահանությանը միակողմանի, ընտրողական, հայերի պնդումները հիմք ընդունող որոշումը պատմական և իրավական ազդեցություն չունի»,- հայտարարել են թուրք պատգամավորները՝ առոչինչ ճանաչելով Բունդեսթագի որոշումը։

Հիշեցնենք, որ երեկ Գերմանիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։ Դրան դեմ է արտահայտվել ընդամենը մեկ պատգամավոր։ Եվս մեկը ձեռնպահ է քվեարկել։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թուրքիայի խորհրդարանի խմբակցություններից 3-ը Բունդեսթագի ընդունած բանաձևը դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել"

Leave a comment

Your email address will not be published.


*