Թուրքիայում ձերբակալված զինվորականների թիվը հասել է 1563-ի

Թուրքիայում հեղաշրջման փորձը կանխվել է, տեղեկացրել է թուրքական Anadolu գործակալությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության մամլո քարտուղարը:

Բախումների ընթացքում զոհվել է շուրջ 60 մարդ, ձերբակալված զինվորականների թիվը հասել է 1563-ի, որոնց թվում բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ կան: Բախումների ընթացքում սպանվել է հեղաշրջման փորձ ձեռնարկած 16 անձ: Զոհվել է 17 ոստիկան:

Հատուկ ծառայությունները զինվորական հագուստով 13 անձի են ձերբակալել, որոնք փորձել են Անկարայում նախագահական պալատ թափանցել: Պաշտոնից ազատվել են  5 գեներալ և 29 գնդապետ:

Հաղորդվում է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջումը կազմակերպել է գնդապետ Մուհարեմ Քոսեն: Նա զբաղեցրել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի իրավաբանական խորհրդատուի պաշտոնը, եւ վերջերս է հեռացվել աշխատանքից: Հեղաշրջման փորձի մասնակիցներից է գնդապետ Մեհմեդ Օղուզ Աքուսը, մայոր Էրքան Աղին եւ փոխգնդապետ Դողան Ույսալը:

ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար Հուլուսի Աքարը, ում պատանդառել էին խռովարարները, ազատության մեջ է: Աքարը եւ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանն անվտանգության մեջ են եւ անընդհատ կապ են պահպանում նախագահ Էրդողանի հետ:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան թուրք զինվորականների խումբը հայտարարել էր, որ երկրի ղեկավարումը վերցնում է իր ձեռքը, որպեսզի ապահովի քաղաքացիների սահմանադրական իրավունքները, ինչից հետո երկրում պարետային ժամ էին հայտարարել: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ուղղաթիռներ եւ զրահամեքենաներ են հայտնվել, սկսվել էին բախումներ նախագահ Էրդողանի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ:

Մի շարք երկրների պաշտոնյաներ հանդես են եկել հայտարարություններով: Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ անհրաժեշտ է հարգել Թուրքիայի ժողովրդավարական կարգը եւ աջակցություն է հայտնել այդ երկրի կառավարությանը:

Ադրբեջանի իշխանությունները հարեւան երկրում տեղի ունեցած իրադարձություններն անվանել են «պետական հեղաշրջման փորձ»:

ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ ուշի-ուշով հետեւում են Թուրքիայի իրադարձությունների զարգացմանը:

13689324_894787973983144_1873811232_n

13734650_894783383983603_1901941342_n13735191_894783387316936_636500835_n

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թուրքիայում ձերբակալված զինվորականների թիվը հասել է 1563-ի"

Leave a comment

Your email address will not be published.


*