Թուրքիան ի սկզբանե ներքաշված է եղել ԼՂ-ում իրավիճակն ապակայունացնելու գործընթացում. ռուս փորձագետներ

Ռուսական Взгляд պարբերականը բավական ծավալուն անդրադարձ է կատարել Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին օրերին իրավիճակի կտրուկ սրմանը` առանձնահատուկ ուշադրություն հատկացնելով թուրքական գործոնին։

Հոդվածագիրներ Յուրի Բոգդանովն ու Միխայիլ Մոշկինը նկատում են, որ մինչ ռուսական, ամերիկյան և եվրոպական դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները փորձում են հարցին խաղաղ լուծում տալ ու հակամարտող կողմերին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ` Թուրքիայի «բազեյական» դիրքորոշումը շարունակում է առանձնանալ։ Հեղինակները մեջբերում են այդ երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունն առ այն, որ «Թուրքիան միշտ կանգնած է լինելու եղբայրական Ադրբեջանի կողքին, քանի դեռ բոլոր տարածքները, այդ թվում՝ նաև Լեռնային Ղարաբաղը չեն վերադարձվել Բաքվին»։

Փորձելով հասկանալ, թե ինչով է իրականում պայմանավորված թուրքական կողմի նման հռետորաբանությունը` հեղինակները մեջբերում են «Մերձավոր Արևելք-Կովկաս» հետազոտական կենտրոնի տնօրեն, թուրքագետ Ստանիսլավ Տարասովի տեսակետը. «ԼՂ-ում ծավալվող դեպքերը բխում են Թուրքիայի շահերից: Անկարան սիրիական խնդրից շեղող մանյովրների է դիմում: Ես ամեն օր թուրքական հեռուստաալիքներին եմ հետևում, ու այն, ինչ այնտեղ կատարվում է, ուղղակի սարսափելի է։ Նրանք իրենց նահանգներից 7-ը վերածել են Սիրիայի»։

Աղբյուրը մանրամասնում է, որ այս ասելով` թուրքագետը նկատի ունի այն փաստը, որ Անկարան ներքաշվում է քաղաքացիական պատերազմի մեջ։

«Ամբողջ Դիարբեքիրը հիմնովին ավերված է: Թուրքիայի հարավ-արելյան հատվածում քրդերի դեմ իսկական պատերազմ է ընթանում։ Թուրքական բանակը պարտվել է  Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ բոլոր մարտերում»,-շարունակել է Տարասովը։

Սահուն անցում կատարելով ԼՂ հակամարտությանը` փորձագետը հայտարարել է, որ Թուրքիան խորհրդատվական օգնություն ու աջակցություն է տրամադրում Ադրբեջանին։

Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական, քաղաքագետ Ելենա Սուպոնինան պարբերականի հետ զրույցում ասել է, որ Թուրքիան ի սկզբանե ներքաշված է եղել ԼՂ-ում իրավիճակն ապակայունացնելու գործում։

«Իրավիճակի սրման հենց ամենասկզբում Անկարան միանշանակ զբաղեցրեց ադրբեջանամետ դիրքորոշում: Թուրքիայի գործողություններն ու հայտարարությունները դրդեցին Ադրբեջանին  դիմել ավելի կտրուկ ու ռազմատենչ գործողությունների։ Անկարան Բաքվին դրդել է իրականացնել ավելի վճռական որոշումներ` կոչ անելով «վերադարձնել իր հողերը»»,-նշել է քաղաքագետը։

Ի դեպ, Սուպոնինան պատահական չի համարում այն փաստը, որ ռուսական կործանիչ խոցելուց ու ՌԴ-ի հետ հարաբերությունները վատացնելուց հետո Ադրբեջանն առաջին երկիրն էր, որտեղ այցելեց Էրդողանը։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թուրքիան ի սկզբանե ներքաշված է եղել ԼՂ-ում իրավիճակն ապակայունացնելու գործընթացում. ռուս փորձագետներ"

Leave a comment

Your email address will not be published.


*