Ժամանակն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար. Ալիև

Ժամանակն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մուսուլմանների համար սուրբ ամիս համարվող Ռամադանի առթիվ ճաշկերույթի՝ իֆթարի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը հղումով։

«Ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել հակամարտության շուտափույթ կարգավորման համար»,- ասել է նա։

Ալիևի խոսքով՝ հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդները նույնպես «պետք է հասկանան, որ սա սառեցված հակամարտություն չէ»։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել էր լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։ Ապրիլի 5-ին հայտարարվել էր հրադադարի հաստատման մասին, սակայն հակառակորդը պարբերաբար շարունակում է խախտել այն։

Երեկ ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պյեր Անդրյոն ասել էր, որ  Մինսկի խմբի ֆրանսիացի, ռուս և ամերիկացի համանախագահները կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որը կկայանա հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ТАСС գործակալությունը հայտնել է, որ ԵԱՀԿ-ն չի մասնակցում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ հանդիպման նախապատրաստմանը: Այդ մասին լրատվամիջոցին հայտնել է ԵԱՀԿ-ի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պարտականությունները կատարող Նատաշա Ռաջակովիչը:

Ավելի վաղ հայտնի է դարձել նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, որին կհետևի եռակողմ հանդիպումը` Ղարաբաղի հարցով։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ժամանակն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար. Ալիև"

Leave a comment

Your email address will not be published.


*