«Ժառանգությունն» այսօր վարչության նիստ կգումարի և վերջնական կորոշի՝ որ դաշինքին է միավորվում

«Ժառանգություն» կուսակցությունն այսօր հավանաբար վարչության նիստ կգումարի և վերջնական որոշում կկայացնի, թե որ դաշինքով կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին. այս մասին Tert.am-ին ասաց «Ժառանգության» վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը:

«Արդեն որոշում կայացվել է, որ գնում ենք դաշինքով, հիմա մնում է որոշել, թե որ դաշինքով, և այսօր հնարավոր է նիստ գումարենք, որի ժամանակ էլ որոշում կկայացվի»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ, ի վերջո, որևէ դաշինքին միավորվելը որոշվելու է քվեարկությամբ:

«Մեծամասնությունը կորոշի, քանի որ, ըստ կանոնադրության, պետք է փոքրամասնությունը ենթարկվի մեծամասնության որոշմանը»,- ասաց նա:

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության Կապանի և Սիսիանի կառույցների՝ 2017թ. ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին որոշմանը, որոնք դեմ են որևէ դաշինքի միավորվելուն, մասնավորապես այն անձանց, ովքեր «բազմաթիվ թելերով կապված են գործող ռեժիմին և այլևս անկաշկանդ գործելու հնարավորություն չունեն», Սուսաննա Մուրադյանն ասաց, թե դրանք ոչ թե տարածքային այդ կառույցների որոշումներն են, այլ ուղղակի կարծիքներ:

«Տարածքային կառույցի ղեկավարը տեղյակ էլ չի եղել, որ դա տարածվել է կուսակցության անդամներից մեկի կողմից: Նույնիսկ տարածքային կառույցում տարաձայնություններ են եղել, որը որոշում չէ, այլ կարծիք, որ դուրս է եկել և մամուլում է հայտնվել, նաև Սիսիանի կառույցի ժառանգականների վրդովմունքն է առաջացրել, որովհետև նրանք չեն ցանկացել, որպեսզի դա մամուլ գնա»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է տարբերակ, որ ընտրություններին «Ժառանգության» առանցքային դերակատար ունեցող քաղաքական գործիչները գնան առանձին ցուցակներով, ինչպես օրինակ՝ Արմեն Մարտիրոսյանը «Համախմբում» կուսակցության դաշինքի ցուցակով, իսկ Զարուհի Փոստանջյանը «Ելք», Սուսաննա Մուրադյանը պատասխանեց, թե չի կարծում, որ նման տարանջատում կուսակցությունում կլինի:

«Մենք բոլորս մի կուսակցության մեջ ենք և չենք էլ կարծում, որ որևէ նման բան է սպասվում, չեմ էլ ցանկանում, որովհետև որքան սիրում ու հարգում եմ Արմեն Մարտիրոսյանին, այդքան էլ Զարուհուն, Րաֆֆի Հովհաննիսյանին»,-ասաց նա:

«Ժառանգության» վարչության անդամն ընդգծեց, որ բացի դրանից՝ Զարուհի Փոստանջյանը դեմ է նաև «Ելք» դաշինքին միանալուն: «Իհարկե, չեմ կարող պատկերացնել՝ իմանալով Զարուհուն, բայց այս կյանքում ոչ մի բան չի կարելի բացառել»,-ասաց նա:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Ժառանգությունն» այսօր վարչության նիստ կգումարի և վերջնական կորոշի՝ որ դաշինքին է միավորվում"

Leave a comment

Your email address will not be published.


*