Ժնևում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ. Աննա Նաղդալյան

Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ երեկ Աննա Նաղդալյանը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 30-ին Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Ժնև՝ հանդիպելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։ «Սա միակ ձևաչափով հանդիպումն է, որի մասին այս պահին ես որևէ տեղեկություն ունեմ»,– ասել էր նա։

Հոկտեմբերի 29-ին պետք է կայանար Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ժնևում՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ, սակայն հանդիպումը հետաձգվել էր։Հանդիպման օրվա փոփոխությունը, Աննա Նաղդալյանի տեղեկացմամբ՝ պայմանավորված էր իրավիճակային և լոգիստիկ որոշակի հանգամանքներով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ժնևում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ. Աննա Նաղդալյան"

Leave a comment

Your email address will not be published.


*