Ի՜նչ արած, մենք Աստված չենք… (Պատմվածք)

Գուրգեն Աշոտիչը գրեթե ողջ գիշեր չէր քնել, անհամբեր էր, սպասում էր,թե երբ է լույսը բացվելու, որ որդուն հանձնի քսանամյակի կապակցությամբ գնած նվերը: Նա Երևանի լավագույն վիրաբույժներից էր: Երեսունութ տարվա աշխատանքային փորձ ուներ: Ինչեր ասես որ չէր տեսել այս տարիների ընթացքում: Քանի- քանի կյանքեր էր փրկել, երախտիքի խոսքեր լսել: Տեսել էր նաև մահեր: Նրա վրա ծանր հետք էր թողել հատկապես իր պրակտիկայի առաջին մահվան դեպքը: Հետո, տարիների ընթացքում, վթարների ու պատահարների արդյունքում շատ այլանդակված մարդկային մարմիններ փորձեց վիրահատել, կարել, բուժել: Ժամանակի ընթացքում վիրաբույժը իր գործին սկսեց վերաբերվել առանց հուզականության, սառնասրտորեն: Նա հասկանում էր, որ եթե յուրաքանչյուրի վիշտը իրենը դարձնի, ապա չի դիմանա և չի կարողանա կատարել իր գործը: Այդ սառնասրտությունը, սակայն, ժամանակի հետ վերածվեց անտարբերության: Նա շարունակում էր անել իր աշխատանքը, բայց երբ հերթական հիվանդը անապահով խավից էր լինում, Գուրգեն Աշոտիչը իր գլուխը շատ չէր ցավեցնում: Հաճախ մոռանում էր Հիպոկրատի երդման մասին: Այլ կերպ ասած՝ խիղճը կորցրել էր: Այդ օրը Գուրգեն Աշոտիչը ընդամենը մեկ թեթև վիրահատություն էր ունեցել: Երեկոյան վեցի կողմերն էր: Նա միայնակ ընթրում էր հիվանդանոցի ճաշարանում և մտածում՝ փոքր- ինչ շուտ տուն գնալու և որդու տարեդարձը նշելու մասին: Հանկարծ, շնչակտուր ճաշարան ներխուժեց բժշկուհ Կարինե Սամվելովնան . -Մենք էլ ձեզ ենք փնտրում բժի՛շկ: Ծանր վիրավոր են բերել, անհապաղ վիրահատություն է հարկավոր, արնաքամ է լինում: -Հանգստացի՛ր: Տերերը այստե՞ղ են ,- աչքերը տապակած մսից կտրելով, տեղից անհավես վեր կենալով՝ հարցրեց Գուրգեն Աշոտիչը : -Ո՛չ: Ավտովթար է, անցորդներն են շտապ օգնություն կանչել: Ինքնությունը դեռ չենք հասցրել պարզել: -Փաստորեն մոտը անձը հաստատող փաստաթո՛ւղթ էլ չկա: – Ոչ: -Դե թող սպասի մինչև հացս կվերջացնեմ,- կրկին իր տեղը նստելով ավելացրեց վիրաբույժը: -Բժիշկ, բայց… : -Ասացի թող սպասի՛,-հրամայական ասաց Գուրգեն Աշոտիչը: «Ամեն երկրորդ հիվանդս անտեր է »,- դժգոհությամբ մտածեց նա: Տապակած միսը հաճույքով ուտելուց հետո, նա մեկ բաժակ էլ օղի խմեց՝ որդու երջանիկ ապագայի համար, ինչից հետո միայն վեր կացավ սեղանից, և գնաց դեպի վիրահատարան: Վիրահատարանի մոտ նրան հանդիպեց բժշկուհին. -Հիվանդը մահացավ,- հայտնեց նա՝ մեղադրական տոնով: -Ի՜նչ արած, մենք Աստված չենք…,- պատասխանեց Գուրգեն Աշոտիչը մտնելով սենյակ: Մահացածի դին արդեն ծածկել էին սպիտակ սավանով: Նա բաց արեց սավանը, և քարացավ: Նրա ետևից վիրահատարան մտած բժշկուհին իր առջև տեսավ միանգամայն ուրիշ մարդու: Գուրգեն Աշոտիչի մազերը մեկ րոպեում սպիտակել էին, դեմքը՝ անճանաչելի էր դարձել: Վիրահատական սեղանին նա իր միակ զավակի՝ Հայկի արնաշաղախ մարմինն էր գտել: Նրա աչքի առաջ եկավ առավոտվա պատկերը: Ինչ երջանիկ էր Հայկը, երբ հայրը քսանամյակի առթիվ նրան հանձնեց ՝ Մերսեդեսի բանալիները: Ցավը խեղդում էր Գուրգեն Աշոտիչի կոկորդը, իսկ ատամների տակ դեռ նշմարվում էին տապակած մսի կտորները:

Մարինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ի՜նչ արած, մենք Աստված չենք… (Պատմվածք)"

Leave a comment

Your email address will not be published.


*