Ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումներից

Ըստ վիճակագրական տվյալների` տոն օրերին սովորաբար ավելանում են սննդային թունավորումների դեպքերը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ առողջապահության նախարարության (ԱՆ) պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը և նշել, որ, բուտուլիզմից և սննդային թունավորումներից զերծ մնալու համար, պետք է հետևողականորեն կատարել մասնագիտական ներոհիշյալ խորհուրդները:

«Սննդամթերք գնելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել սննդամթերքի պիտանելիության ժամկետներին, կիսապատրաստի, հում և պատրաստի սննդամթերքների պահպանման պայմաններին. սննդի հետ շփվելուց առաջ, ինչպես նաև պատրաստման ընթացքում հաճախակի ձեռքերը պետք է լվանալ մաքուր ջրով և օճառով. սննդում օգտագործվող մթերքները խմելու ջրով լավ լվանալ. ճաշատեսակների եփման ժամանակ անհրաժեշտ է պահպանել 70 աստիճանից բարձր ջերմային ռեժիմը. պատրաստի սննդամթերքը սառնարանում պահել միայն փակ տարաներով՝ 72 ժամից ոչ ավելի»,-բացատրել է Օ. Հարությունյանը և հավելել, որ տոնական օրերին աղցանները պետք է պատրաստել քիչ քանակով՝ օգտագործվող մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ:

ԱՆ տեսչության պետի խոսքով՝ պետք է հնարավորինս խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու դեպքում այն նախապես անպայման եռացնել 20-25 րոպե, քանի որ բուտուլիզմով ախտահարված սննդամթերքն արտաքինից կարող են տեսանելի չլինել:

«Սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի` կողմնակի հոտի, համի, գույնի փոփոխության դեպքում այն չպետք է օգտագործել: Ինչպես նաև պետք չէ չարաշահել գազավորված, էներգետիկ ըմպելիքների և ալկոհոլի օգտագործումը: Չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագմամբ, չստուգված սունկեր. այն գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում: Հատկապես հղիներին և երեխաներին խորհուրդ չի տրվում օգտագործել սունկ և տնային պայմաններում պատրաստված պահածոներ: Պետք է խուսափել ճարպոտ սննդի օգտագործումից կամ էլ այն ընդունել քիչ քանակությամբ, ընդմիջումներով ու հերթականությամբ»,- մանրամասնել է Օ. Հարությունյանը և ընդգծել, որ առողջական խնդիրներ ունենալու դեպքում ԼՂՀ առողջապահության նախարարությունը հորդորում է չզբաղվել ինքնաբուժությամբ և անմիջապես դիմել բժշկական հաստատությունների:

Artsakhpress.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումներից"

Leave a comment

Your email address will not be published.


*