Իրավիճակն այս պահին բավական լարված է, դեռևս 400-500 մարդ պետք է վերադառնա Եգիպտոսից․ տուրիստական ընկերությունների ղեկավարներ

Իրավիճակն այս պահին բավական լարված է, քանի որ այսօրվա թռիչքին մոտ 100 հոգի պետք է վերադառնար Հայաստան, Զվարթնոց օդանավակայանում էլ կան ուղևորներ, որոնք պետք է մեկնեին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Air Cairo ավիաընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ, Անռիվա-տուրի տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը։

Նա նաև հավելեց, որ Եգիպտոսի հյուրանոցներում էլ առկա տեղեր գտնելը բավականին դժվար է։ «100 հոգի, որ ասում են, նախնական է, քանի որ մարդիկ կան, որոնք ավելի երկար պետք է մնան, իրականում, խոսքը 400-500 հոգու մասին է, հետևաբար, հաջորդ թռիչքները, և թե ինչ կկատարվի այդ մարդկանց հետ, դեռևս հարցական է։

Այս կազմակերպության կողմից առաջին դեպքը չէ, մենք մեկ ամիս առաջ դիմել ենք իրավապահ մարմիններին, որովհետև նկատեցինք, որ ավիատոմսերի կեղծիքներ են տեղի ունեցել։ Խոսքն «A&R TOUR» տուրիստական ընկերության մասին է, որը չի իրականացրել թռիչք դեպի Հուրգադա, իսկ երկու օր առաջ` Շարմ Էլ Շեյխ, ավելին՝ 11-ին, 16-ին, 18-ին թռիչքներ չեն իրականացրել»,- ասաց Ստամբուլյանը։

«Մարաթուկ» տուրիստական ընկերության տնօրեն Զորիկ Վարդանյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ 2 օր առաջ նույն ընկերությունը դեպի Հուրգադա թռիչք է իրականացրել՝ մոտ 168 հոգի, որոնցից կեսը 7 օրից պետք է վերադառնար, կեսը՝ 14 օրով են մեկնել, կեսը՝ 20 օրով։ Վարդանյանը նկատեց, որ այս մարդկանց ապագան էլ դեռևս անորոշ է։

Վերջինս խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, սակայն այս անգամ մարդկանց քանակը բավական շատ է և չեն կարողանում այլ տուրիստականների վարձած ինքնաթիռներով բոլորին հետ բերել։ «Որոշ դեպքերում ասել են, թե ինքնաթիռը տեխնիկական խնդիր ունի, սակայն խոշոր ավիաընկերություններն ունեն մի քանի ինքնաթիռ։ Ավելի՝ ՀՀ-ն աշխատում է այն ավիաընկերությունների հետ, որոնք պայմանագիր ունեն այլ ավիաընկերությունների հետ, այսինքն՝ ամբողջ ավիապարկի խափանման պարագայում նրանք, միևնույն է, այլ ընկերության միջոցով իրականացնում են թռիչքը»,- մանրամասնեց Վարդանյանը։

«Սքայտուր»- ի տնօրեն Ալեքսանդր Միրաքյանն էլ նշեց, որ սա պետական մակարդակով հարց է, քանի որ այս պահին խոսքը գնում է ՀՀ քաղաքացիների անվտանգության մասին։ «Արդեն 2 անգամ նույն ընկերությունը վնաս պատճառեց հայկական տուր ոլորտին՝ կրկնվեց 7 տարի առաջվա պատմությունը, որից հետո 2 տարի թռիչք չի եղել, և մեր կազմակերպությունը կրկին վերսկսեց երկու տարի հետո։ Մենք այս կազմակերպության հետ որևէ կապ չունենք, կապն այնքանով է, որ աշխատում ենք Եգիպտոսի ուղղությամբ»,- ընդգծեց Միրաքյանը։

Տուրիստական ընկերությունների ղեկավարները հայտարարեցին, որ իրենք նույնիսկ պատրաստ ենք երեքով ինքնաթիռ վարձել ու բերել այնտեղի մարդկանց, սակայն, ըստ նրանց, իրենց չեն տեղեկացնում, թե ինչ իրավիճակ է, միայն ասում են, որ 24 ժամ հետո թռիչք կլինի։ Նրանք հավելեցին, որ դեպի Եգիպտոս, Եգիպտոսից ՀՀ մյուս չվերթները չեն դադարեցվել, վտանգը միայն տվյալ տուրիստական ընկերության հետ է կապված։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ 100 ՀՀ քաղաքացի այս պահին գտնվում է Եգիպտոսի Հուրգադա քաղաքում և չի կարողանում վերադառնալ Հայաստան, քանի որ չեղարկվել է նրանց չվերթը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Իրավիճակն այս պահին բավական լարված է, դեռևս 400-500 մարդ պետք է վերադառնա Եգիպտոսից․ տուրիստական ընկերությունների ղեկավարներ"

Leave a comment

Your email address will not be published.


*