Լեռնային Ղարաբաղում ռուս զինծառայողները ավելի քան 4800 պայթյունավտանգ առարկա են վնասազերծել
Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում շարունակում են տեղանքի ինժեներական հետախուզման եւ ականազերծման աշխատանքները, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Ռուս խաղաղապահները ինժեներական հետախուզում եւ ականազերծում են կատարել Ստեփանակերտի օդանավակայանի շրջանում: Պայթյունավտանգ առարկաների որոնումը կատարվել է տնամերձ հողամասերում, ճանապարհահատվածներում եւ օդանավակայանին հարող տարածքներում:
Մեկ օրում մաքրվել է մոտ 8 հա տարածք, 7 կմ ճանապարհածածկույթ, զննվել է 50 շենք, հայտնաբերվել եւ ոչնչացնելու համար դուրս բերվել 51 պայթյունավտանգ առարկա:
Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումներն ընդհանուր ականազերծել են ավելի քան 155 հա տեղանք, 38 կիլոմետրից ավելի ճանապարհ, 375 շինություն, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 4811 պայթյունավտանգ առարկա:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները եւ չգործած ռազմամթերքը դուրս են բերվում եւ ոչնչացվում հատուկ սարքավորված հրաձգարանում: Այն ռազմամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացնում են տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշը միջոցառումների ապահովմամբ: