‹‹Խոր ջան ես քեզ շա՜տ եմ սիրում››… Կայացավ Խորեն Աբրահամյանի ծննդյան 86 ամյակին նվիրված հուշ-երեկոն

Ապրիլի 1-ին ‹‹Գոյ›› թատրոնում տեղի ունեցավ հայ մեծանուն դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի ծննդյան 86 ամյակին նվիրված հուշ-երեկո՝ ‹‹Իսկական երևանցի›› խորագրով: Երեկոն կազմակերպել էր սիրված ու ճանաչված դերասանուհի, Խորեն Աբրահամյանի սիրելի թոռնուհի, տաղանդավոր դերասանին արժանի ժառանգ Լուսիա Աբրահամյանը՝ Արթուր Սահակյանի, Վահան Խաչատրյանի և այլոց օգնությամբ:

Հուշ երեկոյին հրավիրված էին բազմաթիվ ճանաչված դերասաններ, որոնք ‹‹բեմի հսկայի›› հետ կապված քաղցր ու անմոռանալի  հուշերով կիսվեցին հյուրերի ու հանդիսատեսի հետ՝ շնորհավորելով հավերժ ներկա հանճարի ծննդյան տարեդարձը:

Հատկանշական է, որ այդ հրաշալի գաղափարը մտահղացվել և իրականացվել է ընդամենը երեք օրում:

gmpress.am-ի հետ զրույցում իր տպավորություններով ու հուշերով կիսվեց սիրելի արտիստի սիրելի թոռնուհի Լուսիա Աբրահամյանը. ‹‹Շատ հուզված եմ, այնքան, որ բեմի վրա նույնիսկ չկարողացա կարգին մտքերս շարադրել: Շնորհակալ եմ բոլորիցս՝  երեք օր, երեք գիշեր՝ առանց  ջանք ու եռանդ խնայելով  աշխատելու  համար: Ես միշտ ասել եմ, որ ամենամեծ բեմն անգամ քիչ է Խորեն Աբրահամյանի նման տաղանդի համար, և սա ոչ թե նրա համար եմ ասում, որ իմ պապիկն է, այլ որպես այդ մասշտաբի մարդու, դերասանի, որպես հանճարի. չեմ վախենում այդ բառից, որովհետև հիմա տեղի անտեղի օգտագործում ենք տաղանդավոր դերասան բառակապակցությունը, բայց իրականում դրանց հետ  կատակ չեն անում, դրանք շատ լուրջ բառեր են, իսկ պապիկիս համար, կարծում եմ, վաստակած խոսքեր են:  Այդ հանճարեղ մարդու, ‹‹բեմի հսկայի›› համար յուրաքանչյուր բեմ քիչ է ու փոքր, բայց այս բեմն այնքան սիրով, սրտանց և ջերմությամբ տրամադրվեց այս հանճարեղ մտքի իրականացման համար, որ, կարծում եմ, ստեղծված ջերմ մթնոլորտը լավագույն շնորհակալությունը եղավ: Շատ ուրախ եմ, շատ հուզված, ամեն տարի այս օրն ինձ համար տոն է, ես ցնծում եմ, երջանիկ եմ, երջանիկ, որ նա իմ կողքին է ամեն վայրկյան, ամեն ինչ անելուց առաջ ինքս ինձ միշտ հարց եմ տալիս՝ նա հավանություն կտա՞ր, ի՞նչ կասեր, իր սրտով կլինե՞ր արդյոք, թե ոչ››:

‹‹Հուշերը շատ-շատ են, պապս  չէր էլ նկատում, թե ես ոնց եմ իրենից մշտապես քաղում, կլանում, տանում, սովորում. այդպիսի մարդուց ամեն վայրկյան էլ սովորելու բան կա: Երբ փոքր էի՝ նա սիրում էր ինձ իր հետ ամեն տեղ տանել և էական չէր, ասենք, դա փոքրիկ երեխայի համար հարմար ու հետաքրքիր տե՞ղ էր, թե ոչ՝ ‹‹Հայֆիլմ›› կինոստուդիա, հեռուսատատեսություն, ֆիլմերի նկարահանումների հրապարակներ և այլուր:  Շատ լավ եմ հիշում, որ ինձ ձիարշավարան տարավ. ես պետք է ձի քշել սովորեի, որովհետև չիմանալ ուղղակի չէի կարող: Պապս ձիերին շատ էր սիրում, միշտ ասում էր, որ նրանք  չեն խաբում: Հիշում եմ, որ ինձ նստեցրեցին ձիու թամբին՝ ես շատ փոքր, ձին՝ մե՜ծ… իմ կյանքի ամենալավ, ամենաերջանիկ, լուսավոր  դրվագն էր դա… ոչինչ չի համեմատվի, չի լրացնի պապիկիս տեղն իմ կյանքում, ոչինչ չկա առավել նրանից, մարդ, որ ինձ համար ամեն ինչ էր և միշտ էլ այդպես կլինի››,- իր լավագույն հուշերով կիսվեց մեզ հետ Լուսիա Աբրահամյանը:

Իսկ այն հարցին, եթե Խորեն Աբրահամայնն այս պահին այստեղ լիներ՝ ինչ կասեր նրան միշտ սիրող ու կարոտող թոռնուհին՝  դերասանուհին ասաց. ‹‹Կասեի այն, ինչ միշտ եմ ասել՝ Խոր ջան ես քեզ շա՜տ եմ սիրում….››:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "‹‹Խոր ջան ես քեզ շա՜տ եմ սիրում››… Կայացավ Խորեն Աբրահամյանի ծննդյան 86 ամյակին նվիրված հուշ-երեկոն"

Leave a comment

Your email address will not be published.


*