Ծննդկանին ներարկվել է հակաբիոտիկ, ինչից հետո նրա վիճակը կտրուկ վատացել է․ երեխայի ծնունդից հետո իրականացված վերակենդանացման միջոցառումները արդյունք չեն տվել և արձանագրվել է մահ․ «Շենգավիթ» ԲԿ

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը պաշտոնական հաղորդագրություն է տարածել ծննդկանի մահվան դեպքի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Ս․թ․ 17.09.2020, ժամը 12:25 30 ամյա ծննդկան Ա․Ս․ դիմել է «Շենգավիթ»  ԲԿ (ախտորոշումը` ԲԳԱ, ԲՍԱ,ԲՄԱ ծննդաբերության լատենտ փուլ),  հղիության 40-41 շաբաթական ժամկետում:

Կինը նախկինում վիրահատվել է արտարգանդային հղիության կապակցությամբ: Հետվիրահատական շրջանում  «Ցեֆտրիաքսիոն» հակաբիոտիկի նկատմամբ տարել է անաֆիլաքսային շոկ, որն ուղեկցվել է թոքերի այտուցով և սրտի կանգով: Առաջին անգամ կնոջը հաջողվել է փրկել։

Հաշվի առնելով երկարատև անջուր շրջանը և հիվանդության անամնեզը կնոջը ներարկվել է այլ խմբի հակաբիոտիկ 500 մգ դեղաչափով՝ ըստ բժշկական պրոտոկոլի: Հիվանդության անամնեզը  նշված է եղել  ծննդկանի  բժշկական փաստաթղթերում: Ներարկումից անմիջապես հետո հիվանդի վիճակը կտրուկ վատացել է: Գանգատվել է շնչահեղձության, խեղդոցի զգացումից, ունեցել է հազ, վերջույթների ցիանոզ, զարկերակային ճնշումը՝ 70/30 մմ․սնդ․ սյուն, PS 125 զարկ,  Sao 2-65%:

Երեխան ծնվել է առողջ՝ 3100 գրամ քաշով և 50սմ հասակով: Ծննդկանի մոտ ախտորոշվել է՝  վաղ հետծննդյան շրջան, վիճակ ժամկետային ծննդաբերությունից հետո, անաֆիլաքսիա, հարպտղաջրերով էմբոլիա:

Ձեռնարկված բոլոր հակաշոկային, վերակենդանացման միջոցառումները՝ 1:15-05:40  ժամվա ընթացում դրական արդյունք չեն տվել: Երեք անգամ գրանցվել է ծննդկանի սրտի կանգ, որը հնարավոր է եղել վերականգնել: 18․09․2020, ժամը 05:40 մոնիտորի վրա կրկին արձանագրվել է սրտի կանգ: 45 րոպե տևողությամբ սրտի ռիթմը վերականգնող միջոցառումները դրական արդյունք չեն տվել: Արձանագրվել է  ծննդկանի կենսաբանական մահը:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը ցավում է տեղի ունեցածի կապակցությամբ և հայտնում իր խորին ցավակցությունը ծննդկանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին»:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ծննդկանին ներարկվել է հակաբիոտիկ, ինչից հետո նրա վիճակը կտրուկ վատացել է․ երեխայի ծնունդից հետո իրականացված վերակենդանացման միջոցառումները արդյունք չեն տվել և արձանագրվել է մահ․ «Շենգավիթ» ԲԿ"

Leave a comment

Your email address will not be published.


*