Կարոտել եմ , մամ

Կարոտ եմ զգում , կարոտ անսահման ,
Մորս համար եմ մտահոգ այսօր,
Մորս եմ հիմա կարոտել անձայն,
Մորս գրկում եմ հայտնվել ուզում :

Մորս մեղմ ձայնն է ականջիս հնչում ,
Օրհնանքով լեցուն խոսքերը նրա,
Ինձ միշտ հասկացող, պաշտպանող ու նուրբ,
Ինձ միշտ գուրգուրող ձեռքերը նրա:

Ամեն ինչ կյանքում քեզ հետ եմ կիսել,
Ամեն փորձություն միասին անցել,
Արցունքն աչքերիս միշտ դու ես սրբել,
Ու հույս ես տվել ու սիրտ ես տվել…
Էլ ինչ եմ ասում … ինձ կյանք ես տվել…
Կարոտել եմ , մամ:

Քեզ, որ անդադար աղոթք ես արել իմ բախտի համար
Ու ծունկի իջած խնդրել ես Աստծուն ,
Որ բախտս բարի, երջանիկ լինի:
Քեզ , որ անքուն ես եղել իմ կողքին
Իմ հիվանդ, տխուր, նեղված օրերին:
Կարոտել եմ , մամ:

Ուզում եմ հիմա հրաշք կատարվի
Ու կարողանամ ետ բերել հանկարծ
Մանուկ ու անհոգ օրերս անդարդ,
Որ քո գրկի մեջ ինձ սեղմես ամուր
Ու ժպտաս, ժպտաս , ժպտաս անդադար,
Ուզում եմ նորից քո չարաճճի աղջիկը դառնամ
Ուզում եմ հիմա չարություն անել
Ու իմ խորամանկ աչքերով նայել քո աչքերի մեջ
Ու ներում տեսնել…
Մշտական ներում…

Ու զարմանում եմ , որտեղից է քեզ համբերության ծով,
Որ կարողացար անսասան պահել տունս հայրական
Քո նուրբ ու քնքուշ ձեռքերով ամուր:
Որտեղից է քեզ այդքան գիտություն ,
Որ կյանքի ամեն մի փորձանքի մեջ
Օգնական եղար, ինձ ձեռք մեկնեցիր
Ու քո ձեռքերով հարթեցիր բոլոր ճամփաները իմ,
Որ հպարտ քայլեմ , որ լինեմ ուրախ:
Որտեղից է քեզ սերդ անսահման
Զավակիդ համար:
Կարոտել եմ, մամ:
Ուզում եմ հիմա ներումդ հայցեմ,
Թե կյանքի ինչ- որ մի ոլորանում
Քեզ ցավ եմ բերել …

Ուզում եմ տեսնել թե ինչպես հիմա
Աղջիկս փոքրիկ իր թաթիկներով կշոյի դեմքդ ,
Ու դեմքիդ գծված կնճիռներդ թույլ ,
Որ իմ մեղքով է գոյացել գուցե ,
Կսրբի անդարձ:

Ուզում եմ հիմա քեզ փոխհատուցեմ
Քո անսահման ու մեծ
Սուրբ սիրո համար :

Լ.ՀովհաննիսյանԿարոտել եմ , մամ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կարոտել եմ , մամ"

Leave a comment

Your email address will not be published.


*