Կենսաչափական անձնագիրն այլեւս պարտադիր չէ, քաղաքացիներին կտրամադրվի հին նմուշի անձնագիր

Հանրության շրջանում բերանից բերան տեղեկություններ են տարածվում, որ կենսաչափական անձնագիր եւ նույնականացման քարտ ձեռք բերելու համար գործում են զեղչեր:

Այսինքն` որոշ ժամանակ կարելի է անձնագիր ստանալ` վճարելով շատ ավելի փոքր գումար: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը մեր զրույցում պարզաբանեց, որ իրականում տեղի է ունեցել օրենսդրական փոփոխություն, ինչի արդյունքում էլ կենսաչափական անձնագիրն այլեւս պարտադիր չէ: Համենայնդեպս, մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը:

Նրա հետ armtimes-ի զրույցը ներկայացնում ենք ստորեւ:

— Պարոն Բիչախչյան, անձնագրերի տրամադրման կարգի, դրանց դիմաց գանձվող վճարների հետ կապված ի՞նչ փոփոխություն կամ նորամուծություն կա:

— Կենսաչափական անձնագիրն արժե 25 000 դրամ, բայց այս պահի դրությամբ, լեհական կողմի չմատակարարելու հետ պայմանավորված, խմբաքանակ չունենք: Դրա համար տալիս ենք, օրենքում էլ կատարեցինք փոփոխություն, ոչ կենսաչափական անձնագիր, որը մինչ այժմ մարդկանց ձեռքին է: Դա հազար դրամ է: Գումարած` 5 000 դրամ, եթե վիզա խփում են 5 տարով, կամ 1 000 դրամ, եթե 1 տարով է:

— Քաղաքացիներն ինչ-որ հնարավորություններից կզրկվե՞ն, եթե կենսաչափական անձնագրերի փոխարեն սովորական անձնագիր ստանան:

— Ոչ, հանգիստ կարող են օգտագործել, խնդիր չկա:

— Այդ դեպքում կենսաչափական անձնագրի անհրաժեշտությունն է անիմաստ դառնում:

— Անիմաստ չի դառնում: Օրինակ` Կանադան պահանջում է իր տարածք անպայման կենսաչափական անձնագրով մուտք գործել: Դա առավել պաշտպանված փաստաթուղթ է, մատնահետք կա դրա մեջ եւ այլն, բայց քանի որ այս պահի դրությամբ խմբաքանակ չկա, հին նմուշի անձնագիր ենք տրամադրում` անձանց ազատ տեղաշարժը, ելքն ու մուտքը չսահմանափակելու համար:

— Քանի որ օրենքում փոփոխություն է կատարվել, նշանակում է կենսաչափական անձնագիր քաղաքացիներին երկար ժամանակ չի՞ տրամադրվի եւ Լեհաստանն այդ անձնագրերն այլեւս չի՞ ապահովի:

— Օրենքում փոփոխության հիմնական խնդիրը Սահմանադրական դատարանի որոշումն էր: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայցով դիմեց Սահմանադրական դատարան, եւ Սահմանադրական դատարանը այդ պարտադիր պահանջը համարեց հակասահմանադրական: Կրոնական համոզմունքներից ելնելով` մարդիկ կային, որոնք չէին ցանկանում ստանալ նույնականացման քարտ եւ կենսաչափական անձնագիր: Էլեկտրոնային ստորագրություն, մատնահետք չէին ցանկանում դնել: Դրա համար Սահմանադրական դատարանը «ասաց»` ճիշտ է, դա միտված է ծառայության որակի, փաստաթղթի պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը եւ համապատասխանում է միջազգային պահանջներին, բայց գտեք այլընտրանքային տարբերակ, որ անձը կարողանա ստանալ ոչ կենսաչափական անձնագիր: Դրա համար մենք օրենսդրական փոփոխություն կատարեցինք եւ մինչեւ 2019 թ. հունվարի 1-ը հնարավորություն տալիս ենք ստանալ հին նմուշի անձնագիր: Փոփոխությունն ուժի մեջ է մտնելու օգոստոսի 6-ից: Այսինքն` անձը իր ցանկությամբ կարող է հին նմուշի անձնագիր ստանալ, դա իր իրավունքն է դառնում, հիմնական փոփոխության նպատակը դա էր: Կենսաչափական անձնագրեր Լեհաստանն այսօր չի ուղարկում, վաղը կուղարկի, դա խնդիր չէ, դրանով պայմանավորված օրենք չէր փոխվի:

— Բայց ինչու կենսաչափական անձնագրի պարտադրանքը հանվում է մինչեւ 2019 թվականը, եթե համարվում է, որ դա մարդու իրավունքների խախտում է:

— Որ այդ ընթացքում տեսնենք, թե ինչ կարելի է մտածել, որ այդ անձանց իրավունքը չխախտվի:

— Իսկ նույնականացման քարտի տրամադրման հետ կապված փոփոխություններ կա՞ն:

— Ոչ: Կենսաչափական անձնագիր ստանալիս անձը պետք է ունենար նույնականացման քարտ կամ միաժամանակ դիմեր նաեւ դա ստանալու համար: Օգոստոսի 6-ից անձը կարող է առանց նույնականացման քարտի ստանալ հին նմուշի անձնագիր: Կուզենա՞, կտրամադրենք նաեւ նույնականացման քարտ:

— Առաջիկայում հնարավո՞ր է նաեւ կենսաչափական անձնագրեր ստացվեն:

— Ոչ թե հնարավոր է, պարտադիր են լինելու: Լեհաստանի հետ են  տարվում բանակցություններ` որոշ խմբաքանակ ուղարկելու շուրջ: 2017-ի հունվարին ավարտվում է պայմանագրի ժամկետը, դրանից հետո նոր կապալառուն կապահովի: Մենք ուզում էինք կենսաչափական անձնագրի որակը  բարելավել, որ այն լինի պոլիկարբոնատ էջով՝ նույնականացման քարտի որակից, ճկվող, ոչ թե թղթից, որ շուտ չփչանա, չպատռվի, չթրջվի:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կենսաչափական անձնագիրն այլեւս պարտադիր չէ, քաղաքացիներին կտրամադրվի հին նմուշի անձնագիր"

Leave a comment

Your email address will not be published.


*