‹‹Հաղթանակը միայն միասնության մեջ է››

Ղարաբաղա-ադբրբեջանական սահմանին թշնամու կողմից սկսած լայնածավալ ռազմական գործողություններն իրենց զարգացումներով, հետևանքներով ու ելքով ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հայ տեսակը հզոր է իր միասնականության և անպարտելի ոգու շնորհիվ: Քաջ մարտիկները սահմանին, իսկ մենք բոլորս այստեղ, ինչպես նաև սփյուռքի մեր հայրենակիցները՝ ամուր պահեցինք մեր հայրենին: Այս ամբողջ օրերի ընթացքում ժողովուրդը մի մարդու պես, ամեն մեկն իր հնարավորությունների սահմանում ու նույնիսկ ավելին ֆինանսական և մի շարք այլ տարբերակներով՝ սնունդ, հագուստ, առաջին անհրաժեշտության պարագաներ, աջակցություն էր ցուցաբերում ԼՂՀ-ին, տուժած բնակչությանը, զոհված զինծառայողների ընտանիքներին, սահմանն ամուր պահող, մեր հանգիստ քուն ապահովող քաջ հայորդիներին:

gmpress.am-ը պարբերաբար տեղեկացրել է հասարակությանը վերոնշյալի վերաբերյալ՝ ով, ինչքան, ինչ կարգի օժանդակությունը է ցուցաբերել, որը շարունակական է լինելու. այս անգամ ներկայացնում ենք Կոտայքի մարզի  Ձորաղբյուր համայնքի կողմից Արցախին տրամադրվող աջակցության մասին: Մեր զրուցակիցն է համայնքի ղեկավար Ա. Մուքայելյանն, ով կիսվեց մեզ հետ իր մտահոգություններով, տպավորություններով, կարծիքով ու ցանկությամբ:

Նշենք, որ մի քանի օր առաջ  գյուղապետարանի բյուջեից 70.000 դրամ է փոխանցվել  ԼՂՀ, ևս 150 հազար դրամ աշխատակիցներով են հավաքել, որը դեռ չեն փոխանցել, քանզի որոշ մարդիկ ցանկություն ունեն միանալու, 150 հազար դրամ դպրոցից է փոխանցվել՝ ծնողների և ուսուցիչների հավաքած գումարով, 90 հազար էլ բուժամբուլատրիան: Այս ամենից բացի՝ դպրոցից 50 հազար դրամի սահմաններում համապատասխան սննդամթերք է գնվել և ուղարկվել Ղարաբաղ: Գյուղապետն ասաց, որ, անկախ իրավիճակից,  այս ամենը շարունակական է լինելու,  իրենց հնարավորության սահմաններում մշտապես աջակցելու են առաջնագծի մեր հերոս տղաներին. ‹‹Գյուղից տասը հոգի ցանկություն էին հայտնել Ղարաբաղ մեկնելու, այդ ցուցակը ես ներկայացրել եմ զինկոմիսարիատ, իրենք ասել են, որ  անհրաժեշտության դեպքում տեղյակ կպահեն և կուղարկեն սահման: Մենք մարզի համայնքների ղեկավարներով էլ հենց  առաջին օրը ցանկություն ենք հայտնել մեկնելու՝  մեր ղեկավարներն ասել են, որ այժմ այստեղ՝ թիկունքում ավելի ենք պետք, բայց եթե դրա կարիքը լինի՝ բոլորս կգնանք››,- նշեց Ա. Մուքայելյանը:

Այն հարցին, թե որն էր իրականում նմանօրինակ գործողություններ սկսելու դրդապատճառը՝ համայնքի ղեկավարն ասաց. ‹‹Դա դժվար հարց է, թուրքը հարյուրամյակներ առաջ սկսել է իր կեղտոտ, տականք (բառ չեմ գտնում դրանց ասելու) գործը և դա շարունակելու է: Մի փոքր ավելին ասեմ, երևի դա իմ  գործը չէ, բայց ես այդպես եմ մտածում. մենք պետք է մտնեինք և շատ-շատ առաջ գնայինք դեպի Ադրբեջան, մենք պետք է մերը թելադրեինք՝ իրենք թող մտածեին, այսպես չպետք է լիներ: Մենք պիտի  գնայինք՝  կամ այս կողմ, կամ այն. այսպես չի կարելի, այս կերպ միշտ շարունակվելու է նրանց մշտական կրակոցները, դիվերսիաները և այլն: Դրանք չեն հանգստանալու, կենդանուց էլ վատն է այդ ժողովուրդը: Մարմինս փշաքաղվում էր, երբ պատմում էին, թե մարդկանց աչքերը հանած, ականջները կտրած են եղել, մի խոսքով՝ դա մի անբացատրելի բան է, ոչ մեկի ուղեղի մեջ չի տեղավորվում դա, գազանը նման բան չի անի՝ իր տեսակին չի ոչնչացնի››:

‹‹Թող խաղաղություն լինի, մեր տղաները թող չզոհվեն, մեր մեկ զինվորը դրանց միլիոնին արժե: Ամեն մեկի կորուստը բոլորս շատ ծանր ենք տանում, ես ինքս լաց եմ եղել, երբ տղամարդը չպետք է լաց լինի. չես կարող, որովհետև նայում ես կադրեր՝ անբացատրելի է, շատ դաժան է: Ես անգամ չէի պատկերացնում, որ այսպես միահամուռ ու հավաքական կլինենք. մեր հաղթանակը միայն միասնության մեջ է, փոքր ազգ ենք, մեր նախագահը ճիշտ ասաց, որ հույսը պետք է դնենք միայն մեզ վրա:  Բարեկամ ոչ մի երկիր չունենք, միայն ասելով, հայտարարելով ոչ մի հարց չի լուծվում, պետք է անես, ինչպես ասում են՝ ‹‹եղունգ ունես՝ գլուխդ քորի››, այսօր մեր ժողովրդին է վերաբերվում դա: Միայն մենք պետք է գործենք, ոչ մեկի վրա էլ հույսներս  չպետք է դնենք››,- նման վճռական տոնով եզրափակեց զրույցը Ձորաղբյուր համայնքի ղեկավար Ա.Մուքայելյանը:

Նյութի հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "‹‹Հաղթանակը միայն միասնության մեջ է››"

Leave a comment

Your email address will not be published.


*