Հայաստանը կանդամակցի Պատմական գիտությունների միջազգային կոմիտեին

Վերջերս ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պ.գ.տ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի հետ ինստիտուտի գործունեության, միջազգային համագործակցությունների, կատարված ու կատարվելիք աշխատանքների, ծրագրերի և այլ թեմաների շուրջ մեր զրույցի ընթացքում նա նշեց, որ օգոստոսի 22-30-ը մասնակցելու է համաշխարհային կարևոր պատմագիտական կառույցի` Պատմական գիտությունների միջազգային կոմիտեի հերթական 22-րդ կոնգրեսին, որը տեղի էր ունենալու Չինաստանում, և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտն առաջին անգամ էր այնտեղ ներկայացվելու:

Ինչպես խոստացել էինք, այսօր այդ կարևորագույն իրադարձության մասին զրուցում ենք Չինաստանից նոր վերադարձած ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ. «1900 թվականից Եվրոպայում ստեղծվել է մի շատ հեղինակավոր միջազգային կազմակերպություն` Պատմական գիտությունների միջազգային կոմիտե (International Committee of Historical Sciences), որը սահմանված պարբերականությամբ՝ 5 տարին մեկ միջազգային կոնգրեսներ է հրավիրում: Երկրորդ աշխարհամարտի նախօրյակին, երբ Գերմանիայում իշխանության գլուխ եկան ֆաշիստները, միջազգային քաղաքական իրադրության լարման պատճառով այդ կազմակերպությունն առժամանակ իր գործունեությունը դադարեցրեց, վերսկսեց միայն հետպատերազմյան շրջանում: Սա, փաստորեն, աշխարհի թիվ մեկ պատմագիտական խոշորագույն կազմակերպությունն է, որի անդամն է եղել նաև Խորհրդային միությունը և բնականաբար հայ պատմաբանները ԽՍՀՄ-ի կազմում ևս անդամակցել են դրան: Հարկ եմ համարում նշել, որ Խորհրդային տարիներին այդ կազմակերպությունում մեծ դեր ու ավանդ են ունեցել ռուս գիտնականները: 1970թ.-ին Մոսկվայում տեղի ունեցած հերթական կոնգրեսի աշխատանքներին իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել նաև մեր հայ պատմաբանները, Պատմության ինստիտուտի նախկին տնօրեններից Գալուստ Գալոյանը, փոխտնօրեն Վլադիմիր Բարխուդարյանը, Գագիկ Սարգսյանը, Աբգար Հովհաննիսյանը և այլոք: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կոմիտեի իրավահաջորդը Խորհրդային միության կողմից անմիջապես դարձավ Ռուսատանի Դաշնությունն՝ ի դեմս ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի Համաշխարհային պատմության ինստիտուտի, որի տնօրենը մեր հայրենակից, ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանն է: Նա Պատմական գիտությունների միջազգային կոմիտեում ներկայացնում էր ռուսական գիտությունը, բայց ցավոք սրտի հետխորհրդային մյուս պետությունների պատմական կառույցներին, պատմաբաններին, պատմության ինստիտուտներին, համալսարանների համապատասխան ֆակուլտետներին, ժամանակին չիրազեկվեց, որպեսզի անդամակցության խնդիրը մեխանիկորեն նաև իրականացվեր այդ երկրների ներկայացուցիչների տարբերակով: Բայց որոշ Խորհրդային պետություններ, օրինակ Վրաստանը, Մեձբալթյան մի քանի հանրապետություններ, ավելի ուշ նաև Ուկրաինան ևս անդամակցեցին և դրանով հետխորհրդային պետությունների մասնակցության խնդիրը դադարեց: Վերջերս Պատմական գիտությունների միջազգային կոմիտեի գլխավոր քարտուղար, Սորբոնի համալսարանի հայտնի պրոֆեսոր Ռոբերտ Ֆրանկից հրավեր ստացա՝ նամակի տեսքով, որտեղ մասնավորապես ասվում էր, որ ցավալիորեն Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցում այդ կոնգրեսի աշխատանքներին, այդպիսի հարուստ քաղաքակիրթ պատմություն ունեցող ժողովրդի պատմաբանները պետք է անպայմանորեն անդամակցեն կոմիտեին: Ահա այդ խնդիրը քննարկելու և առաջիկա, հերթական 22-րդ կոնգրեսին մասնակից դառնալու համար նա ինձ հրավեր ուղարկեց, և ես հնարավորություն ունեցա մասնակցելու համաշխարհային կարևորագույն պատմագիտական մի իրադարձության, որը տեղի ունեցավ Չինաստանի Շանդոն նահանգի վարչական կենտրոն Ցզինան քաղաքում: Ասեմ, որ ամբողջ ծախսերը հոգացին իրենք:

Պատմական գիտությունների միջազգային կոմիտեի հերթական 22-րդ կոնգրեսի բացումը տեղի ունեցավ օգոստոսի 23-ին Ցինան քաղաքում, իսկ փակումը՝ օգոստոսի 30-ին: Կոնգրեսն ընթանում էր 18 սեկցիաներով, մասնակցում էր 2600 պատգամավոր, աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 500 զեկուցողներ կային. զեկուցումները նախապես՝ դեռ 2012-13թթ,-երին համաձայնեցվել էին գլխավոր անսամբլեայի հետ:

Գլխավոր քարտուղար Ռոբերտ Ֆրանկը և կազմակերպության մնացած ղեկավարները՝ նախագահը, տեղակալները հատուկ հանդիպում կազմակերպեցին հետխորհրդային պետությունների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվեց, թե կոմիտեին անդամակցելու հարցում որքանով ենք պատրաստակամ, որովհետև ամեն ինչից զատ, նաև կա տարեկան անդամավճարի խնդիր՝ 800 եվրոյի չափով: Մեր հավաստիացումները Պատմական գիտությունների միջազգային կոմիտեին անպայամանորեն անդամակցելուն՝ ողջունվեց նրանց կողմից:

Բացման արարողության ժամանակ Ռոբերտ Ֆրանկն իր ելույթում գոհունակությամբ արձանագրեց, որ այս կոնգրեսին մասնակցում է նաև Հայաստանի ներկայացուցիչը և պետք է ասեմ, որ ինձ համար շատ հաճելի էր, որ այդ փաստը բոլորի կողմից ընդունվեց ծախողջույններով: Այնտեղ նաև մեզ խորհուրդ տվեցին Հայաստանի Պատմության ազգային կոմիտե ստեղծելու, որի կառուցվածքը և բնույթը նման է մյուս բոլոր ազգային կոմիտեներին. դրանք ստեղծվում են տարբեր պետություններում, Ազգային կոմիտեն դիմում է գլխավոր անսամբլեային և քվեարկությամբ անդամակցում այդ հեղինակավոր միջազգային կազմակերպությանը: Այն հնարավորություն է տալիս գիտնականներին աշխարհի գրեթե բոլոր երկրների պատմաբանների հետ շփվելու, ծանոթություններ հաստատելու, որն էլ խթան է հանդիսանում հետագայում համատեղ աշխատանքներ կատարելու: Պատկերացրեք այդ նիստից հետո 30-ից ավելի գիտնականներ մոտեցան, ծանոթացանք, այցեքարտերով փոխանակվեցինք, և նրանք պատրաստակամություն հայտնեցին մեզ հետ սերտորեն համագործակցելու, հատկապես այն երկրների ներկայացուցիչները, որոնք ունեն հին պատմություն՝ Չինաստանից, Հնդկաստանից սկսած մինչև Հունաստան և այլն:

Պետք է ևս մեկ անգամ նշեմ, որ այս կազմակերպության միջոցով մեր կապերը շատ ավելի հաստատուն կդառնան աշխահի պատմաբանների հետ և վերադառնալով Հայաստան այս նպատակով ես դիմեցի ԵՊՀ ռեկտոր, պատմաբան Արամ Սիմոնյանին և ստացա վերջինիս համաձայնությունը: Առաջիկայում պետք է նիստ հրավիրենք, ստեղծենք Հայաստանի Ազգային կոմիտե, որն էլ պաշտոնապես կդիմի՝ Պատմական գիտությունների միջազգային կոմիտեի անդամակցության համար:

Վերադառնալով Չինաստանում կայացած 22-րդ միջազգային կոնգրեսին ասեմ, որ Ադրբեջանը բնավ չկար ներկայացված (երբեք չէր էլ եղել) և նույնիսկ գլխավոր քարտուղարն ու նախագահը Ադրբեջանի անունն անգամ չնշեցին: Նշեմ նաև, որ դիտորդի կարգավիճակով ներկայացված էին Հայաստանը և Ղազախստանը: Ռուսատանը էր ներկայացված 30 գիտնականներով, ի դեպ՝ ՌԴ-ի պատմաբաները սերտորեն համագործակցում են կոմիտեի հետ և Ռուսաստանի բազմաթիվ համալսարանների ակադեմիական համակարգի դասախոսները, գիտաշխատողները, հայտ էին ներկայացրել, մասնակցում էին գիտաժողովին:

Քվեարկության արդյունքում որոշվեց, որ հաջորդ կոնգրեսը, 5 տարի հետո՝ 2020թ.-ին, տեղի կունենա Լեհաստանի Պոզնան քաղաքում, նախորդը կայացել է Ամստերդամում՝ 2010թ.-ին»:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Հայաստանում ևս կայանա Պատմական գիտությունների միջազգային կոմիտեի հերթական կոնգրեսներից մեկը՝ պարոն Մելքոնյանն ասաց. «Անդամակցության խնդիրը լուծենք, հետո պարզ կլինի, որովհետև, պետք է ասեմ, որ դա շատ բարդ խնդիր է. աշխարհի հազարավոր գիտնականների միաժամանկ ընդունել Երևանի պայմաններում՝ դժվար է: Դա մասշտաբային և միայն պետական բարձր մակարդակով լուծվելիք խնդիր է: Բանականաբար, նման կարևոր և միևնույն ժամանակ պատասխանատու կոնգրես ձեռնարկելու ցանկությունը մեծ է: Դրա փոքր նախադեպերն արդեն ունենք, 2005թ.-ից մենք ԱՊՀ երկրենրի պատմաբանների ընկերակցության անդամ ենք և 2009թ.-ի հերթական գիտաժողովն ու Երիտասարդ պատմաբանների դպրոցը շատ բարձր մակարդակով կազմակերպեցինք Հայաստանում: Ամեն անգամ տարբեր երկրներից մեր գործընկերները հիշում են, որ երևանյան գիտաժողովը ամենահաջողվածներից մեկն էր: Հուսով եմ, որ նման կարծիք կձևավորվի նաև այն ժամանակ, երբ մեզ հաջողվի Երևանում իրականացնել Պատմական գիտությունների միջազգային կոմիտեի հերթական կոնգրեսներից մեկը»:

Մերի Եղիազարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանը կանդամակցի Պատմական գիտությունների միջազգային կոմիտեին"

Leave a comment

Your email address will not be published.


*