Հայաստանի և Արցախի նախկին նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է ադրբեջանա-թուրքական ագրեսիան դիմակայելու համար․ «Հայրենիք» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցությունն ուշադրությամբ հետևում է մեր Հայրենիքի համար բախտորոշ այս ժամին Հայաստանի և Արցախի հանրապետությունների նախկին նախագահների հանդիպումներում ընթացող քաղաքական քննարկումներին: Այս մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ։

«Մենք ողջունում ենք մեր քաղաքական կյանքում արձանագրված այդ բացառիկ իրողությունը և վստահ ենք, որ նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան դիմակայելու ու Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար:

Հայ ժողովրդի և հայկական երկու պետականությունների հեղինակավոր և կարող ուժերի համախմբումն անքննելի հրամայական է դարձել այսօր: Բոլորս` մեծ ու փոքր, կին ու տղամարդ, արհեստավոր, ուսուցիչ, բժիշկ, պետական պաշտոնյան նվիրվենք Հայրենիքի փրկությանը: Աստված օգնական»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 21-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 834 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանի և Արցախի նախկին նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է ադրբեջանա-թուրքական ագրեսիան դիմակայելու համար․ «Հայրենիք» կուսակցություն"

Leave a comment

Your email address will not be published.


*