Հայաստանում բացվել է առողջության առաջնային պահպանման նորակառույց 3 կենտրոն

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հետ նախ մասնակցել է   Մխչյանի առողջության առաջնային պահպանման նորակառույց կենտրոնի բացման հանդիսության ժամանակ.տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։  Նրանք շրջել են նորաբաց ամբուլատորիայով, ծանոթացել   շենքային և նյութատեխնիկական պայմաններին, զրուցել բուժաշխատողների հետ:

Արմեն Մուրադյանը շնորհավորելով  կենտրոնում սպասարկվող բնակչությանը և  բուժանձնակազմին` նշել է, որ առողջության պահպանման առաջնային օղակն իր տեխնիկական սարքավորումներով կծառայի հիվանդությունների կանխարգելմանը և վաղ ախտորոշմանը` ի նպաստ բնակչության առողջության պահպանման:

Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու հովիվ տեր Միքայել քահանա Նուրիջանյանը կատարել է օրհնության կարգ:

Մխչյանի ԱԱՊԿ-ն նախկինում տեղակայված էր 1960-ական թթ. կառուցված, շուրջ 370 ք.մ տարածք զբաղեցնող շինությունում, որն  անբարեկարգ վիճակում էր և  2010թ. համարվել է երկրորդ կարգի վթարային:

Ամբուլատորիայի նոր շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 2015թ. հուլիսին և ավարտվել  դեկտեմբերին: 2015թ. Մխչյան համայնքում ներդրվել է շուրջ 62 մլն ՀՀ դրամ, որից շուրջ 61 մլնը` շինարարության, 1 մլնը` hամակարգչային սարքավորումների և բժշկական կահույք ձեռք բերելու նպատակով:

2000թ. «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր — 2» հավելյալ ֆինանասավորման վարկային ծրագրով   Մխչյանի ԱԱՊԿ-ն հագեցվել է առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով, պարագաներով և համակարգչային սարքավորումներով: Կենտրոնին տրամադրվել է նաև շտապօգնության մեքենա: 2015թ. ընթացքում ԱԱՊԿ-ն հագեցվել է լրացուցիչ բժշկական կահույքով և համակարգչային սարքավորումներով: Միաժամանակ ծրագրի շրջանակում ԱԱՊԿ-ի  չորս բժիշկ և հինգ բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և ընտանեկան բուժքույր: Նշենք, որ կենտրոնը սպասարկում է Մխչյան, Մրգավետ և Հովտաշեն համայնքների  7059 բնակչությանը:

Այնուհետև նախարարը և մարզպետը մասնակցել են Արարատի մարզի Լանջազատի առողջության առաջնային պահպանման նորակառույց կենտրոնի  բացմանը։
ՀՀ կառավարության 2015թ. որոշմամբ Լանջազատի բուժական մանկաբարձական կետը վերակազմավորվել է առողջության առաջնային պահպանման կենտրոնի: Այս համայնքը ևս ընդգրկվել է «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր-2» հավելյալ ֆինանասավորման թիվ 7987-ԱՄ վարկային ծրագրում: Ամբուլատորիայում պետք է աշխատեն ծրագրի շրջանակում որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր մասնագիտացած մեկ բժիշկ և երեք բուժքույր: Կենտրոնի նախկին շենքը կառուցվել էր 1950 թվականին։   42 ք.մ տարածքով մեկ հարկանի շենքը  գտնվում էր անմխիթար վիճակում, չուներ կոյուղի և ջեռուցման համակարգ:
Նոր շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 2015թ. հուլիսին և ավարտվել  2016թ. հունվարին: Ընդհանուր առմամբ, Լանջազատ համայնքում ներդրվել է  64 մլն 400 հազար ՀՀ դրամ, որից  մոտ 60 մլն-ը` շինարարություն  և  շուրջ 4.5 մլն-ը`  սարքավորումներ և բժշկական կահույք:
Կենտրոնն սպասարկում է Լանջազատ և Բարձրաշեն համայնքների  2596 ազգաբնակչության:

Նույն օրը Արմեն Մուրադյանը Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ մասնակցել է Վայոց ձորի Հռիփսիմե համայնքի առողջության կենտրոնի բացմանը։
Շատին համայնքը ևս ընդգրկվել է «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր-2» հավելյալ ֆինանասավորման թիվ 7987-ԱՄ վարկային ծրագրում: 2006թ. Հռիփսիմեի ԱԿ-ն հագեցվել է առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով, բժշկական պարագաներով և համակարգչային սարքավորումներով: 2015թ. ընթացքում բժշկական հաստատությանը տրամադրվել է լրացուցիչ բժշկական կահույք: Ինչպես նաև ծրագրի շրջանակում երկու բժիշկ և չորս բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:

Ամբուլատորիայի նախկին շենքը կառուցվել էր 1958-59թթ. և զբաղեցնում էր շուրջ 305.7 ք.մ: 1997-98թթ. «Փրկեք երեխաներին»  բարեգործական հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կատարվել են վերանորոգման աշխատանքներ:
Տվյալ տարածքում վերանորոգման աշխատանքներ կատարելն  աննպատակահարմար էր, ուստի որոշվեց հատկացված տարածքում կառուցել ամբուլատորիայի նոր շենք, որի շինարարական աշխատանքները սկսվել են 2015 թ.  հուլիսին և ավարտվել են  նույն թվականի դեկտեմբերին: Ընդհանուր առմամբ, Շատին համայնքում ներդրվել է շուրջ 66.8 մլն ՀՀ դրամ, որից 66.1 մլն-ը` շինարարություն,  700 հազարը` բժշկական կահույք:

Կենտրոնը սպասարկում է Շատին, Հորս, Սալի, Քառագլուխ, Աղինջաձոր, Թառաթումբ, Առտաբույնք, Հորբատեղ, Եղեգիս, Հերմոն, Գողթանիկ, Վարդահովիտ, Սևաջայռ, Գետիկվանք  համայնքների շուրջ 5800 բնակչության:

Նշենք, որ Մխչյանի, Լանջազատի և Շատինի կենտրոնների կառուցումն իրականացվել է  «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման ընթացքում անցկացված շինարարական մրցույթների արդյունքում առաջացած տնտեսված միջոցներով:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանում բացվել է առողջության առաջնային պահպանման նորակառույց 3 կենտրոն"

Leave a comment

Your email address will not be published.


*