Հայաստանում ընդհանուր մահացության 48%-ը պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով

«Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրային դրույթներից բխող սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը մեր համակարգի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է, տեղեկացնում է ՀՀ առողջապահության մամուլի ծառայությունը։ Այն ոչ միայն նվազեցնում է մահացության, այլև հաշմանդամության ցուցանիշները»,-առողջապահության նախարարությունում  տեղի ունեցած ասուլիսի ժամանակ` ամփոփելով ծրագիրն ասաց ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը։ Նա ընդգծեց կյանք փրկող (Stent for life) ծրագրի սոցիալական կարևորությունը։

Նշեց, որ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի հիմքում ընկած է առողջապահական հիմնական ցուցանիշների վերլուծությունը և ոլորտում ներկայումս առկա խնդիրների ու մարտահրավերների ուսումնասիրությունը:

Հայաստանում ընդհանուր մահացության 48 տոկոսը պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով: Առավել մտահոգիչ է, որ տարեցտարի ավելանում է սրտանոթային հիվանդություններից վաղաժամ մահացության դեպքերի թիվը:
Պետության կողմից երաշխավորված սրտի անհետաձգելի վիրահատության  ծրագրից օգտվում են այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն եղել սրտի անվճար վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում`  անկախ սոցիալական կագավիճակից` բացառապես հենվելով հիվանդի ախտորոշման վրա:

ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. դեկտեմբերի համապատասխան հրամանով հաստատվել է բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենտի տեղադրում) ծառայությունների կազմակերպման  չափորոշիչը։
Ծրագիրը ներկայումս իրականացվում է 11 բժշկական կազմակերպությունում (9-ը` Երևանում, 2–ը` մարզերում):

Ծրագրին պետական բյուջեից նախնական հատկացվել էր 500մլն ՀՀ դրամ։ Ընթացիկ դեպքերի թվի ուսումնասիրության հիման վրա հատկացումներն ավելացվել են  ևս 500մլն դրամով:
Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակներում 2015թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում բուժօգնություն է ստացել 1463 քաղաքացի:  2015թ. 11 ամսում  բուժօգնություն ստացած 1391  քաղաքացիների միջին տարիքը 63 տարեկանն է, նրանց  77%-ը տղամարդ է, 53%-ը Երևանի բնակիչ է, 47%-ը` ՀՀ մարզերի: Ստենտավորված անձանցից 45-ը (3.2%) հետվիրահատական շրջանում մահացել են: Բանախոսը ներկայացրեց, որ մահացության 3.2% ցուցանիշը գրեթե նույնն է, ինչ զարգացած երկրներում։

ՀՀ ԱՎԾ նախնական տվյալներով 2014թ. առաջին կիսամյակի  դրությամբ  արձանագրվել է 14 772 մահվան դեպք (9.9 ‰ – 1000 բնկաչի հաշվով) իսկ 2015թ. նույն ժամանահատվածում՝ 14 628  (9.8 ‰ – 1000 բնկաչի հաշվով)։ Նույն աղբյուրի տվյալներով 2014թ. հունվար-հուլիս ամիսներին արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության դեպքերը կազմել են 7349, իսկ 2015թ. նույն ժամանահատվածում՝ 6928 կամ մահվան դեպքերը կրճատվել են 421-ով։ Սրտի իշեմիկ հիվանդություններից, մասնավորապես` սրտամկանի սուր ինֆարկտից, սրտամկանի կրկնակի ինֆարկտից մահացությունը կրճատվել է 316-ով։ Ակնկալվում է, որ տարին ամփոփելիս այդ ցուցանիշներն առնվազն կկրկնապատկվեն։

Գլխավոր սրտաբանը ընդգծեց, որ ծրագրի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ բուժօգնության հնարավորինս արագ  կազմակերպումն է։ Ընդ որում, մարզից հիվանդների տեղափոխումը նույնպես իրականացվում է պետպատվերի շրջանակում։ Համլետ Հայրապետյանը նաև նշեց, որ հիվանդն իրավունք ունի հրաժարվելու պետության կողմից երաշխավորված ոչ դեղապատ ստենտի տեղադրումից և նախընտրել դեղապատ ստենտ` վճարովի հիմունքներով։ Նա պատասխանեց լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանում ընդհանուր մահացության 48%-ը պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով"

Leave a comment

Your email address will not be published.


*