«Հայ-ադրբեջանական սահմանին պայքարը սրվում է». Associated Press

Ամերիկյան «Ասոշիեյթիդ Պրես» պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին՝ ներկայացնելով Երևանում իր թղթակցի հոդվածը, որում նշվում է, որ ծանր հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ զինված բախումների հետևանքով առնվազն 16 մարդ է մահացել երկու կողմից:

«Փոխհրաձգությունը երկու հարավկովկասյան երկրների միջև սկսվել է կիրակի: Ադրբեջանը հայտնել է, որ 11 զինծառայող է և մեկ քաղաքացիական անձ է կորցրել, Հայաստանը հայտնել է 4 զինվորականի մահվան մասին», -ասվում է հոդվածում:

Նշվում է, որ վերջին օրերին տեղի ունեցող բախումներն ամենալուրջն են 2016թ․ քառօրյա մարտերից հետո: Շեշտվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկու բարձրաստիճան սպայի է կորցրել, ինչպես նաև 5 այլ զինվորականների:

Հոդվածում մեջբերվում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի խոսքն այն մասին, որ ադրբեջանցի զինվորականները քաղաքացիական անձանց օգտագործում են որպես վահան՝ հրետանի տեղակայելով սահմանից 10 կմ հեռավորությամբ գտնվող Դոնդար Ղուշչու գյուղի մոտակայքում:

«Ադրբեջանական կողմն իր սեփական ժողովրդին շրջափակել է հրետանային մարտկոցներով՝ վերջիններիս վերածելով թիրախի, այնուհետև բողոքում է, որ հայկական կողմը կրակ է բացել նրանց ուղղությամբ»,- հոդվածում մեջբերվում է Շուշան Ստեփանյանի հայտարարությունը:

Նշվում է նաև, որ Ադրբեջանի հետ սերտ էթնիկ և մշակութային կապեր ունեցող Թուրքիան աջակցություն է հայտնել Բաքվին հակամարտության հարցում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Հայ-ադրբեջանական սահմանին պայքարը սրվում է». Associated Press"

Leave a comment

Your email address will not be published.


*