Հայ փրկարարները վերապատրաստվում են բարձրակարգ ռուս փորձագետների օգնությամբ

ՌԴ ԱԻՆ կենտրոնական փրկարարական ջոկատի (“Центроспас”) և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի համագործակցության շրջանակներում հայ փրկարարները մասնակցում են վերապատրաստման դասընթացների, որոնք անցկացնում են բարձրակարգ ռուս փորձագետներ՝ կենտրոնական փրկարարական ջոկատի արդյունաբերական ալպինիզմի հրահանգիչ Ա. Նիժնիկովը, ջրափրկարարական հրահանգիչ Ա. Պոդշիվալովը և պարաշուտադեսանտային հրահանգիչ Ի. Կոսոբոկովը: Փետրվարի 21-ին ՀՀ ԱԻՆ բարձրաստիճան պաշտոնյաների և ռուս փորձագետների միջև կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել և հստակեցրել էին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներում կազմակերպվելիք ուսուցման մանրամասները, ժամանակացույցը և պլանները: Առաջին կարգի փրկարար Ա. Պոդշիվալովը նշեց, որ դասընթացների հիմնական նպատակն է փորձի փոխանակումը և հայ փրկարարների որակավորման բարձրացումը: – Համագործակցության շրջանակում ճանաչողական այց ենք կատարել նաև Սևանա լիճ: Այնտեղ ծանոթացել ենք ջրասուզակների ծառայությանը, դրա տեխնիկական հագեցվածությանը, կատարել ենք ուսումնասիրություններ, որոնց հիման վրա էլ հետագայում կիրականացվի ջրափրկարարական ոլորտին անհրաժեշտ տեխնիկական օգնությունը: Դասընթացներն անցնում են շատ ջերմ մթնոլորտում: Մեզ շատ ուրախացրեց, թե ինչպես են մեզ ընդունում և վերաբերվում: Տղաները շատ սիրալիր ու ջերմ են, – եզրափակեց Ա. Պոդշիվալովը: Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական կողմի համատնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ուսուցման գործընթացն անցկացվում է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի անմիջական աջակցությամբ: Վերոնշյալ 3 մասնագետ-հրահանգիչները Երևանի 13 հրշեջ ջոկատներում 90 օր տևողությամբ ողջ անձնակազմի հետ կանցկացնեն տեսական և գործնական վերապատրաստման դասընթացներ հետևյալ ուղղություններով՝ • վթարափրկարարական սարքավորումները և աշխատանքը դրանց հետ. • վթարափրկարարական աշխատանքների իրականացումն ալպինիստական գույքի միջոցով. • փլուզված շինություններում աշխատանքի անվտանգության տեխնիկա (միջազգային առաքելությունների փորձը). • առաջին բուժօգնության ցուցաբերում: Ա. Նիժնիկովը տեղեկացրեց, որ հայ փրկարարները բավական լավ են ընկալում մատուցվող նյութը և հույս հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում նրանք հավուր պատշաճի կօգտագործեն այդ գիտելիքներն ու հմտությունները: – Մեր դասընթացները, ինչպես Հայաստանում ամեն ինչ, անցնում են շատ ջերմ և ընկերական մթնոլորտում, – ասաց Ա. Նիժնիկովը: Նախատեսվում է, որ ապագայում նմանօրինակ վերապատրաստման դասընթացներ կանցկացվեն նաև ԱԻՆ ՓԾ տարբեր մարզային փրկարարական վարչություններում: – Դասընթացները կլինեն շարունակական, և հետգայում կքննարկվեն վերապատրաստվող փրկարարների քանակի ավելացման հետ կապված հարցերը, – տեղեկացրեց հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պ. Գյոզալյանը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայ փրկարարները վերապատրաստվում են բարձրակարգ ռուս փորձագետների օգնությամբ"

Leave a comment

Your email address will not be published.


*