Հայ քիմիկոսների սինթեզած ոչ սպիտակուցային ամինաթթուների հակաբորբոքային ազդեցությունն ապացուցված է

Օրգանական սինթեզի բազմաֆունկցիոնալ արգասիքները

Երբեմն 2-3 գրամ ոչ սպիտակուցային ամինաթթու ստանալու համար քիմիական գիտությունների թեկնածու Հայարփի Սիմոնյանից կարող է մեկ ամիս պահանջվել, բայց այդ ժամանակատար ու ծախսատար գործընթացի` առաջին հայացքից աննշան թվացող արդյունքն իրականում շատ արժեքավոր հումք կարող է լինել դեղագործության համար: «Ոչ սպիտակուցային ամինաթթուները կենսաբանորեն ակտիվ միացություններ են, որոնք լայն կիրառություն ունեն գյուղատնտեսության, բժշկության, մասնավորապես` դեղագործության մեջ: Ի տարբերություն սպիտակուցային ամինաթթուների` դրանք, մտնելով դեղի բաղադրության մեջ, երկարաձգում են դեղի ունեցած ազդեցությունը, այսինքն` մեծացնում են արդյունավետությունը,- ասում է Հայարփին և թվարկում օրգանական սինթեզի արգասիքների կարևոր դեղաբանական նշանակությունները:- Ամինաթթուների մեծ մասն օժտված են հակամանրէային, հակաուռուցքային ակտիվությամբ, որոշներն էլ կարող են հանդիսանալ ֆերմենտների արգելակիչներ և հաջողությամբ կիրառվել ինչ-ինչ պաթոլոգիաների դեպքում»:

ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի «ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի» ամբիոնի ոչ սպիտակուցային ամինաթթուների ասիմետրիկ սինթեզի» գիտահետազոտական լաբորատորիայում ամինաթթուները սինթեզվում են բացառապես մեկ իզոմերի տեսքով: Գիտական խումբը, որում ներգրավված է Հայարփի Սիմոնյանը, փոքր քանակություններով, բայց հաջողությամբ է ստանում օպտիկապես մաքուր, այսինքն` միայն մեկ օպտիկական իզոմեր պարունակող կենսաբանորեն ակտիվ միացություններ: Ճիշտ է, տեղական շուկայում դրանք դեռևս չեն իրացվում, սակայն արտադրությունն ինքնանպատակ չէ. ՀՀ ԳԱԱ Հայկենսատեխնոլոգիայի գիտա-արտադրական կենտրոնում հայ քիմիկոսների սինթեզած ոչ սպիտակուցային ամինաթթուներն արդեն մի քանի տարի է` վաճառվում են բելգիական հայտնի «Acros Organics» և գերմանական «Iris Biotech» ընկերություններին:

Ի դեպ, ամբողջ աշխարհում մեկ իզոմերի տեսքով ամինաթթուների սինթեզը մեծ կարևորություն ստացավ այն բանից հետո, երբ աղմուկ բարձրացավ հավասար քանակությամբ երկու օպտիկական իզոմեր պարունակող «Թալիդոմիդ» դեղամիջոցի շուրջ: Որպես հանգստացնող միջոց հղիներին նշանակվող «Թալիդոմիդ»-ի հետևանքներն անդառնալի էին. այն ընդունած հղիները լույս աշխարհ էին բերում ֆիզիկական հաշմանդամությամբ երեխաներ: Ինչպես պարզվեց հետագայում, «Թալիդոմիդ»-ի երկու իզոմերներից մեկն ուներ հանգստացնող, մյուսը` «տերատոգեն» (հրեշածին) ազդեցություն, որն էլ հենց պտղի մոտ առաջ էր բերում ֆիզիկական արատներ:

 

Հիմնարար գիտությունը` հանուն գիտության

Հայաստանում սինթեզվող ոչ սպիտակուցային ամինաթթուների ֆիզիոլոգիական և կենսաբանական որոշ ակտիվություններ ստուգվում են տեղում, որոշները` արտասահմանում: Արված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ոչ սպիտակուցային ամինաթթուներն ունեն ցավազրկող, հակամանրէային, հակաբորբոքային և մի շարք այլ ակտիվություններ: Դեղարտադրության մեջ կիրառելու համար դա դեռևս բավարար պայման չի համարում Ֆարմացիայի ինստիտուտի «ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի» ամբիոնի վարիչ Հայարփի Սիմոնյանը. «Գիտության ձեռքբերումները կիրառելի դարձնելու համար երկար ժամանակ է պահանջվում, իսկ երբեմն էլ պետք է ընդունել, որ հիմնարար գիտությունը միայն կիրառելի արդյունք տալու համար չէ. դրա ինտելեկտուալ գրավչությունը նոր գիտելիք ստեղծելն ու միջազգային գիտական հանրությանը ներկայանալն է»:

Իսկ Հայաստանն այդ հարցում բավականին ակտիվ է: Չնայած գիտության սահմանափակ ֆինանսավորմանն ու տեխնիկական հագեցվածության խնդրով պայմանավորած` տեղում որոշ հետազոտություններ անելու անհնարինությանը, հայ գիտական ներուժը բավականին մրցունակ է համաշխարհային գիտական հարթակում: Դրանում Հայարփի Սիմոնյանը չի կասկածում:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայ քիմիկոսների սինթեզած ոչ սպիտակուցային ամինաթթուների հակաբորբոքային ազդեցությունն ապացուցված է"

Leave a comment

Your email address will not be published.


*