Հավատի ուժը (պատմվածք)

Խոր գիշեր էր: Փոքրիկ գյուղը ծածկված էր չարագուշակ փրփրանման ամպերով: Համատարած մթության մեջ, լուսնի և աստղերի աչքից հեռու, ողջ գիշեր չէր մարում գյուղի տներից մեկի ճրագը:

Նանեն գլուխը խոնարհել էր նորածնի վրա և ուշիուշով լսում էր նրա հանդարտ շնչառությունը: Երեխան տենդի մեջ էր, ջերմությունը չէր իջնում:

«Էս ի՞նչ ցավ էր, եկավ կպավ երեխուս: Էս քամբախում մի բժի՜շկ էլ չկա»,- մտածում էր երիտասարդ մայրը:

-Սիմոն վե՛ր կաց,- ձայնեց նա ամուսնուն:- Վե՛ր կաց Սիմոն, երեխան լավ չի, վախենամ չլուսացնի: Բժիշկ է պետք, մի բան արա:

Սիմոնը բացեց աչքերը,- Նանե, մի՛ վախենա, լույսը կբացվի՝ բարին էլ հետը: Էս գիշերով բժիշկ որտեղից ճարեմ: Առավոտ կանուխ կգնամ, հարևան գյուղի բժիշկին կբերեմ,- ասաց և կրկին քնեց:

Նանեն հասարակ մի կին էր, կրթություն չուներ, բայց մի բան լավ գիտեր՝ իր երեխային վտանգ էր սպառնում: Մայրական բնազդ ասվածը անբացատրելի բան է: Նա իր երեխայի վիճակը զգում էր այնպես, ինչպես չէին կարող զգալ աշխարհի լավագույն բժիշկներն ու սարքավորումները:

-Սիմո՛ն,- կրկին ձայնեց Նանեն,- շտա՛պ բժիշկ է պետք, կամ թե.. կամ թե քահանա…,- դուրս թռավ Նանեի դողդոջուն շուրթերից:

Այս վերջին խոսքերը Նանեն արտաբերեց գրեթե շշուկով, դրանք միայն իրեն էին լսելի և հասկանալի. նա վախենում էր վատթարագույնից: Այդ ընթացքում Սիմոնը կրկին խորը քնած էր, և ի պատասխան կնոջ տագնապահար պոռթկումի, նա միայն հանդարտ ֆսսոցներ էր արձակում:

Բացատրելու համար Նանեի արտաբերած այս վերջին խոսքերի խորությունը, պետք է նշենք, որ նա խիստ հավատացյալ էր: Ճիշտ է նա չէր կարդացել Աստվածաշունչը և գիտեր միայն տերունական աղոթքը, բայց հավատացած էր, որ մկրտություն չստանալու պարագայում հոգին մահից հետո չի կարող փրկություն գտնել:

Եթե քիչ առաջ Նանեի միտքը զբաղված էր բժիշկ ճարելով, ապա հիմա, երբ ժամ առ ժամ երեխայի վիճակը վատանում էր, նա սկսեց մտածել փոքրիկի հոգու փրկության մասին:

«Երեխաս անկնունք չմեռնի»,-մտածում էր մայրը: Իսկ մոտակա քահանան, ինչպես և բժիշկը՝ հարևան գյուղում էր:

Լույսը դեռ չէր շտապում բացվել: Նանեն զգում էր, որ այլևս ժամանակ չունի: Նա արագ հագավ իր տաք վերարկուն, և քանի որ ցրտաշունչ մարտի առաջին օրերն էին, երբ դժվար է հասկանալ ձմե՞ռ է, թե՞ գարուն, տաք ծածկոցի մեջ փաթաթելով երեխային գրկեց, և մթով ճամփա ընկավ:

Մոտ չորս ժամ պետք է քայլեր՝ հարևան գյուղ հասնելու համար:

Ոլոր մոլոր ճամփան անցնելիս Նանեն կարծես երազում լիներ, մի սարսափ երազում, որը շուտով պետք է ավարտվեր: Նանեի ձեռքերը թմրել ու ցավում էին երեխային երկար գրկելուց, բայց նա չէր զգում դա, նա միայն ուզում էր շուտ տեղ հասնել:

Ճամփին մայրը անհամար անգամներ շշնջաց տերունական աղոթքը: Պարբերաբար նա կանգ էր առնում՝ լսելու համար երեխայի շնչառությունը, ապա կրկին շարունակում էր ճամփան: Նա աղոթում էր առ Աստված՝ իր փոքրիկի փրկության համար, իսկ գորշ, փրփրե ամպերը, դավադիր, չար ձեռքի պես, ասես ծածկում էին այս ողբերգական տեսարանը Աստծու աչքից:

Ճանապարհի կեսը հազիվ էին անցել՝ սկսեց լուսանալ: Նանեն հերթական անգամ կանգ առավ: Նա պահել էր իր շունչը՝ լսելու համար երեխայինը: Երեխան ուշաթափված էր: Նանեին թվաց, թե չի շնչում: Նա հուսահատ ծնկեց նախորդ օրը տեղացած անձրևաջրով լի ջրափոսի առաջ, նորածնին դրեց կողքը: Հուսահատ մայրը չէր դադարում մրմնջալ «Հայր մերը»: Եթե այդ պահին մի անցորդ տեսներ նրան այդ ամայի ճանապարհին, կկարծեր, թե խելագար է:

Երեխան անշարժ էր: Նանեն ջրափոսից իր բռան մեջ սառը ջուրը վերցնում և աղոթելով այն ցողում էր երեխայի երեսին, ձեռքերին: Նա «մկրտություն» էր կատարում և աղոթում առ Աստված, իր զավակի հոգու փրկության համար:

Վերջապես փրփրոտ սև ամպերը ճեղքվեցին և արևի շողերի մի փունջ ընկավ Նանեի և ջրափոսի վրա:

Փոքրիկը ջրի սառնությունից սթափվեց: Նա իր փոքրիկ ձեռքով այնպես ամուր բռնեց մոր մատը, ինչպես կարող են բռնել միայն նորածինները: Դա անսպասելի էր, Նանեն ցնցվեց. «որտեղի՞ց այդքան ուժ»,- մտածեց նա: Այս անմեղ փոքրիկ էակը, որը վաթսուն օր հազիվ լիներ ինչ լույս աշխարհ էր եկել, ինքն էլ չհասկանալով, գոտեպնդեց իր մորը, ուժ հաղորդեց նրան: Նա նայում էր ուղիղ մոր աչքերի մեջ: Առաջին անգամ էր այդպես ուղիղ, հասկացող հայացքով նայում:

Մինչ Նանեն անձրևաջրով «օծում էր» փոքրիկին, քամին էլ քշում էր փրփրանման սև ամպերը: Քիչ անց, մայրը՝ երեխան գրկին, անցնում էր արդեն արևից լուսավորված ճանապարհով: Շուտով նրանք հասան գյուղին:

Բժիշկը զննելով նորածնին, մի քանի դեղ նշանակեց և հավատացրեց, որ երեխային որևէ վտանգ չի սպառնում: Նանեն երջանիկ էր, վերջին քսանչորս ժամվա մեջ առաջին անգամ երեխան ուտելու ցանկություն հայտնեց՝ իր փոքրիկ քիթիկով հոտոտելով մոր կուրծքը :

Հասնելով վանք, Նանեն մոտեցավ ծեր քահանային, և խնդրեց մկրտել երեխային:

Քահանան, ով հայտնի էր իր իմաստնությամբ ու շնորհով, գրկեց նորածնին, մոտեցրեց օրհնված ջրին և ասաց. «Տեսնում եմ Ձեր երեխան արդեն մկրտված է, ինձ մնում է միայն մեռոնը քսել»:

Այսպես Նանեն փրկեց երեխային իր հավատի շնորհիվ:

Աշխուժացած երեխան գրկին տուն վերադառնալիս, Նանեն մտաբերեց իր Հասմիկ տատի պատմությունը այն մասին, որ ցեղասպանության ժամանակ, երբ թուրքերը հայ կանանց և երեխաներին Դեր Զորի անապատ էին քշում, շատ մայրեր, զգալով մոտլուտ մահվան շունչը, «մկրտում » էին իրենց զավակներին անապատի ավազով, որ թուրքի յաթաղանից ընկնելուց հետո, վերջիններիս հոգիները փրկություն գտնեն:

Մարինե Բարսեղյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հավատի ուժը (պատմվածք)"

Leave a comment

Your email address will not be published.


*