Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Վալերիյ Օսիպյանն ազատվել է ոստիկանապետի պաշտոնից

ՀՀ արդեն նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Irakanum.am-ի միջոցով անդրադարձել է իր պաշտոնից ազատմանը:

Նրա խոսքը՝ ստորև.

«Ես ողջ կյանքում ծառայել եմ պետությանն ու ժողովրդին, օրենքին ու արդարադատությանը՝ բացառապես ուղենիշ ու չափորոշիչ ունենալով սպայի պատիվն ու արժանապատվությունը: Այսուհետ էլ շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին սկզբունքի ու բարոյականության նույն չափանիշներով: Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում:

Իսկ այսօր ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել հայ ժողովրդին ոստիկանի աշխատանքը գնահատելու և իրականացված փոփոխություններն արժևորելու համար, շնորհակալություն համակարգի ողջ անձնակազմին՝ շարքայինից մինչև գեներալ, շնորհակալություն ոստիկանության զորքերին, շնորհակալություն ոստիկանության պետին կից հասարակական խորհրդին, ԶԼՄ-ներին՝ պետության համար բարդ և պատասխանատու փուլում մեր կողքին կանգնելու համար:

Շնորհակալություն բոլոր նրանց, ում հետ երկար ու դժվար ճանապարհ եմ անցել մեր ազնիվ ծառայությունն իրականացնելու գործում: Մաղթում եմ բոլորին բարի ու անձնվեր ծառայություն, անսասան հավատարմություն սպայի պատվին ու արժանապատվությանը, որոշում կայացնելու վճռականություն և պատրաստակամություն:

Շնորհակալ եմ բոլորին պրոֆեսիոնալ և անմնացորդ ծառայության համար:

Պատիվ ունեմ»:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Վալերի Օսիպյանին ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

ՀՀ ոստիկանապետի պարտականությունները կատարելու է Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Վալերիյ Օսիպյանն այս պաշտոնին էր նշանակվել 2018 թ. մայիսին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում այս նշանակման մասին գրել էր. «Այս որոշումը պետք է սիմվոլիկ նշանակություն ունենա, լավ սիմվոլ է, որ փորձենք այդ փշալարերի կուլտուրան Հայաստանից վերացնել»:

Ավելի վաղ Օսիպյանը Երևանի փոխոստիկանապետն էր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական էր տվել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Վալերիյ Օսիպյանն ազատվել է ոստիկանապետի պաշտոնից"

Leave a comment

Your email address will not be published.


*