Հիբիսկուս` «Փարավոնների ըմպելիքի» գաղտնիքները

Բուժիչ նամակներ

Հիբիսկուս ցեղն ընդգրկում է մոտ 150 տեսակ, որոնք տարածված են մերձարևադարձային կլիմայական գոտիների բնական պայմաններում, պատկանում է փիփերթազգիների ընտանիքին։ 1731թ.-ից Եվրոպայում սկսել են մշակել հարավասիական հիբիսկուս չինականը (Hibiscus rosa-sinensis) և սիրիականը (H.syriacus), որի հայրենիքն Արևելյան Ասիան է։

Հիբիսկուս չինականն ավելի հայտնի է չինական վարդ անվանմամբ։ Մինչև 4 մ բարձրությամբ ծառ է կամ թուփ։ Ծաղիկները խոշոր են, միայնակ, վառ կարմիր, նարնջագույն կամ դեղին, թույլ բուրավետ։ Ծաղկաթերթերը հինգն են, ձագարաձև` միաձուլված, բազմաթիվ ոսկեգույն առէջքները կազմում են սնամեջ գլան, որն ավելի երկար է, քան ծաղկի տրամագիծը` 10-16 սմ։

Սենյակային բույսերի բարձրությունը կարող է հասնել 1-1,5 մ։ Բույսի գեղեցիկ ծաղիկների կյանքի տևողությունն ընդամենը 36 ժամ է։ Դրանց գրեթե անմիջապես փոխարինում են նորերը։ Վերջին տարիներին բուծվել են «Weekend» և «Moonlight» հիբրիդները, որոնց ծաղիկները երկար են պահպանվում։

Հիբիսկուսի ծաղիկը Հայիթի կղզի-պետության խորհրդանիշն է։ Մալազիայում համարում են, որ սերտաճած ծաղկաթերթերը խորհրդանշում են իսլամի հինգ պատվիրանները, հնդիկները հյուսում են ծաղիկը հարսանեկան պսակի մեջ։ Բույսի տարածվածության մասին են վկայում բազմաթիվ այլ անվանումները` «փարավոնների ըմպելիք», «Սուդանի վարդ», «Վենետիկի տուղտ», «կարմիր ավելուկ»։

Karkade1Հիբիսկուսի ծաղկաթերթերից են պատրաստում Եգիպտոսում հարգի կարկադե թեյը։
Ըստ «ֆենշույ» ուսմունքի` չինական վարդը լցնում է բնակարանը դրական էներգիայով, պաշտպանում է ընտանիքն անախորժություններից, ամրացնում է ամուսնական կապերը։ Հիբիսկուսը խթանում է ֆիզիկական և մտավոր ակտիվությունը, տրամադրում ստեղծագործ աշխատանքի։ Հայտնի է, որ բույսերը հաղորդակցվում են միմյանց հետ որոշակի հաճախականություն և երկարություն ունեցող էլեկտրական ալիքների և ֆիտոնցիդների միջոցով։ Հետաքրքիր է, որ գրեթե անհոտ ծաղկի կողքին` թույլ, հիվանդ ծաղիկները կարծես վերակենդանանում են, ինչը վկայում է այն մասին, որ բույսն ունի հզոր աուրա` բարենպաստ դրական դաշտ։

Կարկադեն` հիբիսկուսի չորացրած ծաղկաթերթերը, պարունակում են սպիտակուց, պեկտին, կիտրոնի և խնձորի թթուներ, վիտամիններ, մեծ քանակությամբ հականեխիչ նյութեր, բուսական ներկանյութեր, հակաօքսիդանտներ, ռուտին, այլ ֆլավոնոիդներ։ Տերևը նույնպես հարուստ է օգտակար նյութերով. պատրաստում են աղցաններ, խառնում են կարկադեի հետ։ Սերմերն օգտագործում են հրուշակեղենի վրա ցանելու համար, խառնում են սուրճին և ապուրներին։

Կարկադեով պատրաստված թեյն ունի մուգ կարմիր` սուտակի գույն, թթվահամ է, հագեցնում է ծարավը և թարմացնում, երկարատև օգտագործման դեպքում ունի լուծողական ներգործություն։
Տերևը և ծաղիկները հնագույն ժամանակներից կիրառվել են աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, թութքի, դիզենտերիայի, մաշկի սուր բորբոքումների բուժման համար։ Թեյի կանոնավոր օտագործումը պարգևում է հանգիստ քուն և բարի երազներ։ Տաք թեյը հանգստացնում է նյարդային համակարգը, մաքրում լյարդը և երիկամները։ Կարկադեն անփոխարինելի է ալերգիկ հիվանդություններ ունեցող անձանց համար` այն կարելի է խմեցնել նույնիսկ 1,5-2 տարեկան երեխաներին։

Ունի հակակարկամային, հակաբակտերիալ, հակահելմինտային հատկություններ, լավացնում է ախորժակը և մարսողությունը, նպաստում է լեղու արտազատմանը և մետաբոլիզմին, զգալիորեն նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը։

KarkadeԿարկադեն ունի հին պատմություն` Տիբեթի բուժարարները կարծում են, որ որևէ դեղամիջոցի կիրառումն արդարացված է, եթե այն փորձարկվել է առնվազն 300 տարի, և ստացվել են գոհացուցիչ արդյունքներ։

Երիկամների, միզապարկի բորբոքում. 1-2 ճ/գ կարկադե թեյը 12 ժամ թրմեք 400 մլ սառը ջրում (սառնարանում), քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ։
Անքնություն. 1ճ/գ թեյը թրջեք 50 մլ գոլ ջրում, խմեք քնելուց առաջ, տերևը կերեք։
Արյունահոսություն. Տրորեք ծաղկաթերթը, դրեք վերքի վրա։
Օրգանիզմը մաքրող. 1 ճ/գ թեյը 5-10 րոպե թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ` գոլ կամ սառը վիճակում։
Կարկադեի թեյը օգտակար է զարթխումի, միգրենի, պանկրեատիտի դեպքում, իջեցնում է ջերմությունը։

Զգուշացում։ Կարկադեն ազդում է ճնշման վրա, կան մարդիկ, որ նախընտրում են սառը ջրում թրմված թեյը։ Կա նաև հակառակ կարծիքը։ Ճիշտ մոտեցումն այն է, որ թեյն օգտագործելու նախնական շրջանում հետևեք ճնշման փոփոխությանը։

Կարկադեի կիրառումը գեղարարության մեջ

Աֆրիկայի ժողովրդական բուժարարները հիբիսկուսի ծաղկի խյուսով բուժել են թարախային դժվար ապաքինվող վերքերը, տրոֆիկ խոցը, չիբանը, այրվածքները։ Հյուսիսային Աֆրիկայում կարկադեն վաղուց ի վեր համարվում է լավագույն գեղարարական միջոցներից մեկը, այսօր այդ գաղտնիքները հասանելի են նաև հայ կանանց` կարկադեի թուրմի հատկությունները կախված են ջերմաստիճանից։ Կարկադեն հրաշալի միջոց է խնդրահարույց մաշկի, կոպերի, ճարպոտ մազերի խնամքի համար։

Հաճախ բորբոքվող մաշկ, կորյակներ, սև կետեր. Մանրացրեք չոր ծաղկաթերթիկները (կարկադեն), 1 ժամ թրմեք սառը ջրում (1։5), քամեք, մզեք հումքը։ Տերևիկները տեղավորեք երկու անձեռոցիկների միջև, դրեք դեմքի վրա, 15 րոպեից հանեք և լվացվեք սառը ջրով։ Կատարեք օրը 1-2 անգամ, շարունակեք 3-5 օր։

Հումքը պարտադիր թրմեք սառը ջրում, քանի որ նույնիսկ գոլ ջրում կարող են տրոհվել հակաբորբոքային հատկություն ունեցող նյութերը։ Թուրմը կարելի է խմել։
Հարթեցնող դիմակ ճարպոտ մաշկի համար. 10 գ ծաղկաթերթերը թրմեք 100 մլ սառը ջրում, քամեք։ Հումքին խառնեք 1 թ/գ հեղուկ մեղր։ Մածուցիկ դիմակը վրձնի կտրուկ շարժումներով քսեք դեմքին և պարանոցին, լվացեք սառը ջրով։ Կատարեք օրը մեջ` ընդամենը 3-4 անգամ։

Արդյունքում կպակասի ճարպի արտադրությունը, կձգվի մաշկը` հատկապես քթի և բերանի կողքի կնճիռները և կրկնակզակը։

Այտուցներ. Կարկադեն 10-15 րոպե թրմեք եռջրում (1։1), հանեք ջրից և լցրեք թանզիֆե պարկի մեջ, դրեք կոպերի վրա, պահեք 15 րոպե, կատարեք օրը մեջ` ընդամենը 5 անգամ։

Ինչպես նկատեցիք` այս անգամ օգտագործվեց եռջուր` հակաայտուցային նյութերն ակտիվանում են բարձր ջերմաստիճանի դեպքում։
Ճարպոտ մազեր. Կարկադեն թրմեք եռջրում (1։2), քամեք, տրորեք տերևները։ Խյուսը ներմերսեք գլխամաշկին, 10 րոպեից լվացեք գոլ ջրով։ Կատարեք ամիսը 2-4 անգամ` ըստ անհրաժեշտության։
«168 ԺԱՄ»

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հիբիսկուս` «Փարավոնների ըմպելիքի» գաղտնիքները"

Leave a comment

Your email address will not be published.


*