Հյուսիսային Կորեան սպառնացել է ԱՄՆ-ն վերածել մոխրի, իսկ Ճապոնիան խորտակել ծովում

Հյուսիսային Կորեան սպառնացել է միջուկային զենքով ոչնչացնել Ճապոնիան, իսկ ԱՄՆ-ն վերածել «մոխրի ու խավարի»՝ արձագանքելով ՄԱԿ-ի սահմանած նոր պատժամիջոցներին, գրում է The Daily Mail-ը:

ԱՄՆ-ին և Ճապոնիային ուղղված սպառնալիքը հաղորդվել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությամբ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ ռազմական ոլորտի պաշտոնյաների հաղորդմամբ, ԿԺԴՀ-ի ղեկավարությունը վերջին 48 ժամվա ընթացքում հրթիռային կայանքներ է տեղաշարժում և վայրեր պատրաստում նոր հրթիռային արձակման համար:

Ջոն Հոփկինսի անվան համալսարանի վերլուծաբանների հաղորդմամբ՝ Կիմ Չեն Ընի վարչակազմը պատրաստում է միջուկային փորձարկումների վայրը նոր արձակումներ իրականացնելու համար:

Հաղորդագրությունում ԿԺԴՀ-ն սպառնացել է «ԱՄՆ-ին ծեծել մինչև մահ»՝ պատժամիջոցների ընդունման համար: Բացի այդ, ԿԺԴՀ-ն սպառնացել է միջուկային հարված հասցնել Ճապոնիային:

«Արշիպելագի չորս կղզիները պետք է խորտակվեն ծովում միջուկային զենքի հարվածից հետո: Ճապոնիան այլևս չպետք է գոյություն ունենա մեր կողքին»,- ասված է հայտարարությունում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի որոշում է ընդունել ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների խստացման վերաբերյալ` ի պատասխան երկրի վեցերորդ միջուկային փորձարկման։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները սեպտեմբերի 3-ին պաշտոնապես հայտարարել են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար նախատեսված ջրածնային ռումբի բարեհաջող փորձարկման մասին: Հզոր միջուկային փորձարկման հրամանը տվել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Հարավային Կորեայի պաշտպանական կոմիտեի փոխանցմամբ՝ պայթյունի ուժգնությունը եղել է 100 կիլոտոննա, ինչը բավական է մի ամբողջ քաղաք վերացնելու համար:

Վերջին մի քանի ամսվա ընթացքում Կորեական թերակղզու շուրջ ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել: Արևմուտքը Փհենյանից պահանջում է վերջ տալ միջուկային փորձարկումներին ու դադարեցնել միջուկային ծրագրի զարգացումը՝ սպառնալով հակառակ դեպքում ռազմական միջամտության դիմել: Մինչդեռ պաշտոնական Փհենյանն անտեսում է կոչերն ու իր հերթին սպառնում միջուկային զենքով ջախջախիչ հարված հասցնել ԱՄՆ-ին:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հյուսիսային Կորեան սպառնացել է ԱՄՆ-ն վերածել մոխրի, իսկ Ճապոնիան խորտակել ծովում"

Leave a comment

Your email address will not be published.


*