Հուլիսի 1-ը ՌԴ սահմանադրական փոփոխությունների՝ այդ թվում Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացման» վերաբերյալ քվեարկության վերջին և հիմնական օրն է

Ռուսաստանում այսօր` հուլիսի 1-ին, ավարտվում է սահմանադրական փոփոխությունների՝ այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացման» վերաբերյալ քվեարկությունը: Այս մասին տեղեկացնում է meduza.io կայքը:

Սահմանադրական փոփոխությունները քվեարկության են դրվել փաթեթային տարբերակով: Փոփոխությունները հաստատելու համար հարկավոր է, որ դրանց հավանություն տա քվեարկողների 50%-ից ավելին:

Երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունն ընթանում էր մեկ շաբաթվա ընթացքում, հուլիսի 1-ը քվեարկության վերջին և հիմնական օրն է: Սպասվում է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով՝ 22:00-ին) վերջին ընտրատեղամասերի փակվելուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի առաջին արդյունքները:

Ռուսաստանում ընդհանուր առմամբ ընտրողների ցուցակում գրանցված է շուրջ 108 միլիոն 648 հազար մարդ, ևս շուրջ 1,9 միլիոն ռուսաստանցիներ հնարավորություն կունենան քվեարկելու արտերկրից: Հունիսի 25-30-ը տեղի է ունեցել, այսպես կոչված, նախնական քվեարկություն:

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով քվեարկություն էր կազմակերպվել տեղամասերից դուրս, ներառյալ՝ շենքերի բակերում, ավտոբուսներում և նույնիսկ մեքենայի բեռնախցիկում: Քաղաքացիներին առաջարկվել էր քվեարկել նաև առցանց ձևաչափով` տնից:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հուլիսի 1-ը ՌԴ սահմանադրական փոփոխությունների՝ այդ թվում Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացման» վերաբերյալ քվեարկության վերջին և հիմնական օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*