Հռոմի պապը Հայաստանին ու Թուրքիային հաշտության կոչ է արել, աղոթել ԼՂ-ում խաղաղության համար. Al Jazeera-ի անդրադարձը

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը, ով այս օրերին պապական այցով գտնվում է, իր իսկ բնորոշմամբ, աշխարհի առաջին քրիստոնեական երկրում՝ Հայաստանում, կոչ է արել Հայաստանին ու Թուրքիային մի կողմ դնել տարաձայնություններն ու ջանքեր գործադրել խաղաղության հասնելու համար:

Ինչպես նշում է Al Jazeera միջազգային հեռուստաընկերության կայքը, Հռոմի պապն այս մասինասել է Երևանում կայացած միջեկեղեցական աղոթքի ժամանակ:

«Թող Աստված օրհնի ձեր ապագան և Հայաստանի ու Թուրքիայի ժողովուրդներին հաշտության ուղու վրա կանգնեցնի: Եվ թող խաղաղություն հաստատվի նաև Լեռնային Ղարաբաղում»,-ասել է պոնտիֆիկոսը:

Դիմելով երիտասարդ սերնդին՝ Ֆրանցիսկոսն ասել է. «Սիրելի՛ երիտասարդներ, այս ապագան ձեզ է պատկանում. Ձեր մեծերի իմաստությունն ամբարելով՝ խաղաղարարներ դառնալու հնարավորությունն եք ունենում, ոչ թե ստատուս-քվոյի նոտարներ, այլ հանդիպման և հաշտության մշակույթի դրական գործիչներ: Աստված օրհնի ձեր ապագան և պարգևի, որ հայ և թուրք ժողովուրդների հաշտության ուղին կրկին ձեռք առնվի, և խաղաղությունը տիրի Ղարաբաղում»։

Արաբական աղբյուրը նկատում է, որ Հռոմի Սրբազան Քահանայապետի այս խոսքերից հետո բոլոր հավաքվածները բարձր ծափահարել են:

Այնուհետև Al Jazeera-ն հիշեցնում է, որ ավելի վաղ Պապն ի լուր աշխարհի հայտարարել է, որ հայերը 20-րդ դարում ցեղասպանության ենթարկված առաջին ժողովուրդն են:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հռոմի պապը Հայաստանին ու Թուրքիային հաշտության կոչ է արել, աղոթել ԼՂ-ում խաղաղության համար. Al Jazeera-ի անդրադարձը"

Leave a comment

Your email address will not be published.


*