Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցը կարող է սրել Վատիկանի և Անկարայի միջև հարաբերությունները. The Wall Street Journal

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուրբաթ օրը եռօրյա այցով կմեկնի Հայաստան, որտեղ կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչը հավանաբար ևս մեկ անգամ կսրի Վատիկանի և Անկարայի միջև հարաբերությունները, գրում է The Wall Street Journal-ը:

Այս այցը տեղի է ունենում Կովկասյան անհանգիստ տարածաշրջանում բռնության խոշոր բռնկումից հետո, գրում է թերթը՝ նկատի ունենալով ապրիլյան քառօրյա պատերազմը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի հիմնական հարցն այն է, թե արդյոք Պապը կկրկնի՞ անցած տարի բարձրաձայնած «20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին» խոսքերը:

WSJ-ն հիշեցնում է, որ Թուրքիան 2015 թվականին Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ արված հայտարարությանն արձագանքեց Վատիկանում իր դեսպանին խորհրդակցությունների համար անմիջապես հետ կանչելով: Դեսպանը վերադարձավ միայն 10 ամիս անց: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտեց Պապի հայտարարությունը և նախազգուշացրեց նրան «չկրկնել այդ սխալը»:

Թերթը հիշեցնում է, որ Սուրբ Հովհաննես Պողոս II-ն օգտագործել է «ցեղասպանություն» բառը 2001 թվականին Հայաստան այցի ժամանակ՝ Գարեգին II կաթողիկոսի հետ համատեղ հայտարարությունում: Բայց Ֆրանցիսկոս պապն է՛լ ավելի հեռուն գնաց՝ ցեղասպանությունն անվանելով 20-րդ դարում «երեք մեծ և աննախադեպ ողբերգություններից մեկը»։

Ֆրանցիսկոս պապը 1915 թվականի սպանությունները կապել է նաև մեր օրերում հավատքի կամ իրենց ազգային պատկանելության համար զանգվածային հետապնդումների և բռնությունների հետ: Հռոմի պապը բազմիցս բարձրաձայնել է քրիստոնյաների հետապնդումների մասին, հատկապես՝ մահմեդական մեծամասնությամբ երկրներում: Ֆրանցիսկոս պապը նաև նշել է, որ քրիստոնյաների հետապնդումը պատճառ է հանդիսանում քրիստոնեական մյուս եկեղեցիների հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու համար:

Պապի այցելության կոնտեքստում կլինի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: Տասնամյակների ընթացքում ամենաուժեղ բախումները տեղի ունեցան, երբ ադրբեջանական ուժերը հարձակվեցին հայկական դիրքերի վրա՝ փորձելով գրավել ռազմավարական բարձունքներ, գրում է թերթը և հիշեցնում, որ երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում:

Հռոմի պապն Ադրբեջան կայցելի այս աշնանը՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում նա կլինի նաև Վրաստանում։ Վատիկանը պաշտոնապես այդ երկու այցելությունները ներկայացնում է որպես Կովկասյան տարածաշրջան 1 ուղևորության 2 մաս:

Թերթը նշում է, որ Պապի այցը հնարավորություն կընձեռի ամրապնդելու Հայ առաքելական եկեղեցու հետ կապերը:

Կիրակի օրը Հայաստանից մեկնելուց առաջ Ֆրանցիսկոս պապն աղոթելու է Խոր Վիրապ վանական համալիրում, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում և որտեղից երևում է Արարատ լեռը: Նա ընդամենը 15 րոպե հեռավորության վրա կլինի թուրքական սահմանից, որը պաշտոնապես փակ է, չնայած հայերն այն հաճախ են հատում Թուրքիայում աշխատելու համար, գրում է թերթը:

Սահման այցելությունն օրակարգում չկա, բայց նման ժեստը հատկանշական կլինի Պապի համար, ով սիրում է զարմացնել մարդկանց: 2014 թվականին Սուրբ Երկիր այցելության ժամանակ Ֆրանցիսկոս պապը չնախատեսված կանգառ է արել Արևմտյան ափին՝ Իսրայելի բաժանիչ արգելապատի մոտ աղոթելու համար:

Եթե Ֆրանցիսկոս պապը, այնուամենայնիվ, գնա Թուրքիայի հետ սահման, դա հավանաբար կհայտնվի միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ինչպես դա եղել էր 2016 թվականի փետրվարին, երբ Մեքսիկա այցելության ժամանակ նա կանգնել էր ԱՄՆ-ի հետ սահմանին և աղոթել ներգաղթյալների համար, ովքեր զոհվել են Ռիո Գրանդեն անցնելիս:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցը կարող է սրել Վատիկանի և Անկարայի միջև հարաբերությունները. The Wall Street Journal"

Leave a comment

Your email address will not be published.


*