Ճամբարակում բացվել է նոր սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոն

Գեղարքունիքի մարզում այսօր կբացվի ամբողջովին հիմնանորոգված և արդիական սարքավորումներով հագեցած սահմանամերձ Ճամբարակ համայնքի բժշկական կենտրոնը: Կենտրոնը վերակառուցվել, հագեցվել է գույքով և ժամանակակից բժշկական սարքավորումներով ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրերի շրջանակներում:

Ծրագիրը հովանավորվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից, որի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպությունը կենտրոնին տրամադրել է լրացուցիչ գույք և անհրաժեշտ սարքավորումներ:

Լրագրողների հետ զրույցում Ճամբարակի բժշկական կենտրոնի ղեկավար Արմենակ Մելքումյանը նշեց, որ այս կենտրոնի բացումը կարևոր նշանակություն ունի սահմանամերձ Ճամբարակի բնակիչների համար:

«Մեր կենտրոնը նախկինում գտնվում էր անմխիթար վիճակում և բնակիչները ստիպված բուժօգնություն էին ստանում այլ շրջանների հիվանդանոցներում: Սակայն դա բարդ խնդիր է, եթե հաշվի առնենք բնակիչների սոցիալական վիճակը: Այսօր մենք ունենք միջազգային չափանիշներին համապատասխան բժշկական կենտրոն, որը հնարավորություն կտա համայնքի բնակիչներին տրամադրել որակյալ բուժսպասարկում»,- ասաց նա:

Անդրադառնալով կադրերի խնդրին՝ բժշկական կենտրոնի ղեկավարն ասաց, որ կադրերի խնդիրն առկա է մասնավորապես՝ նեղ մասնագետների կարիք ունեն, սակայն հույս հայտնեց, որ վերակառուցված կենտրոնի բացումից հետո կադրերի հարցը որոշ չափով կլուծվի: «Ճամբարակից մի քանի երեխաներ սովորում են Բժշկական համալսարանում և հույս ունենք, որ նրանք կվերադառնան իրենց ծննդավայր և կփոխարինեն ավագ բժիշկներին»,- նշեց տնօրենը։

Տեղեկացնենք, որ բժշկական կենտրոնը սպասարկում է Ճամբարակի տարածաշրջանի 13 600 բնակիչներին:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ դժվար է գերագնահատել նման վերազինված ու արդիականացված բժշկական կենտրոնի ստեղծման կարևորությունը սահմանամերձ գյուղում:

«Կենտրոնը հագեցվել է ժամանակակից սարքավորումներով և ընդհանուր ծախսերը կազմել են շուրջ 585 մլն դրամ, որից  նախարարության կողմից՝ 411 մլն դրամ: Տարածքների զարգացման հիմնադրամի կողմից ևս 123 մլն դրամ է ծախսվել»,- ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ որակյալ բժշկական ծառայությունը ոչ միայն հմուտ բժիշկի առկայություն է  պահանջում, ալ նաև ամբողջական ինֆրաստրուկտուրայի, ինչի նպատակով մարզերում արդեն 13-րդ կենտրոնն է բացվում, իսկ Գեղարքունիքում՝ 2-ը: Նախարարը վստահություն հայտնեց՝ ճամբարակցիներն այլևս կարիք չեն ունենա հասնել Երևան կամ հարևան համայնքներ:

Անդրադառնալով կադրային խնդրին՝ Արմեն Մուրադյանը նշեց, որ խնդիրը բնորոշ է մարզային առողջապահական բոլոր խնդիրներին, բայց կենտրոնների վիճակի բարելավումը պետք է նպաստի երիտասարդ բժիշկների ներգրավմանը մարզային բուժհաստատություններ:

Առողջության կենտրոնը ստեղծվել է «ճամբարակի պոլիկլինիկա» և «Ճամբարակի հիվանդանոց» ՓԲԸ-ների միավորման արդյունքում` առողջապահական բոլոր ծառայությունները կենտրոնացնելով հիվանդանոցային մասնաշենքում: Արդիականացման գործընթացի շրջանակներում ամբողջովին փոխարինվել է երկհարկանի մասնաշենքի տանիքի ծածկը, վերակառուցվել են միջնապատերը, փոխարինվել են ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները, կառուցվել է նոր կաթսայատուն, մոնտաժվել են համակարգչային ու հեռախոսակապի ներքին ցանցերը, իրականացվել են նաև կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման մի շարք այլ աշխատանքներ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ճամբարակում բացվել է նոր սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոն"

Leave a comment

Your email address will not be published.


*