Մահացել է շուրջ 250 գիտական աշխատանքների, սոսինձների շատ տեսակների գյուտի հեղինակ Ռազմիկ Վարդանյանը

Կյանքից հեռացել է ականավոր գիտնական, մեծ մտավորական, գիտության եւ կրթության նվիրյալ, մեծ սեր ու հարգանք վայելող Ռազմիկ Լեւոնի Վարդանյանը: Այս մասին հայտնում է Գորիսի համայնքապետարանը։

«Կյանքից հեռացել է ականավոր գիտնական, մեծ մտավորական, գիտության եւ կրթության նվիրյալ, մեծ սեր ու հարգանք վայելող Ռազմիկ Լեւոնի Վարդանյանը:

Գորիս համայնքի ղեկավարի եւ ողջ համայնքի հասարակության անունից ցավակցում ենք պրոֆեսորի ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին:

Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ Ռազմիկ Լեւոնի Վարդանյանը հեղինակ է շուրջ 250 գիտական աշխատանքների, որոնք հրապարակվել են ոչ միայն Հայաստանում ու ԱՊՀ երկրներում, այլեւ Ճապոնիայում, Կանադայում, Հնդկաստանում, Լեհաստանում, Ռումինիայում եւ այլուր։ 1981 թվականին ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քիմիական կինետիկայի ասպարեզի անդամ: Սոսինձների շատ տեսակների գյուտի հեղինակը Ռ. Վարդանյանն է: Մինեւչ օրս էլ դրանց մեծ մասը կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում:

Նրա ղեկավարած լաբորատորիայի կողմից ներդրվել է մոտ 15 հեղինակային իրավունք:

Ռազմիկ Վարդանյանը ծնվել է 1941թ. ապրիլի 14-ին պատմական Տաթեւ գյուղում:

1962 թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետ։ Երրորդ կուրսից Ռազմիկ Վարդանյանն ուսումը շարունակել է Մոսկվայի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետում եւ ավարտել այն 1967 թվականին:

1968-1972 թվականներին սովորել է ԽՍՀՄ ԳԱ «Քիմիական ֆիզիկա» ինստիտուտի Չեռնոգոլովկայի մասնաճյուղի ասպիրանտուրայում։

1968թ. թեկնածուական թեզը պաշտպանելուց հետո աշխատանքի է անցնել պրոֆեսոր Եվգենի Դենիսովի լաբորատորիայում, ապա տեղափոխվել է Հայաստան՝ որպես լաբորատորիայի վարիչ, Վանաձորի պոլիմերային սոսինձների գիտահետազոտական ինստիտուտում:

1975 թվականին աշխատանքի է հրավիրվել ՀՀ ԳԱ Գորիսի ֆիզիկատեխնիկական բաժանմունք, որտեղ զբաղվել է խոլեստերինային հեղուկ բյուրեղների կայունացման խնդիրներով:

2005-2016 թվականներին զբաղեցրել է ՀՊՃՀ Գորիսի կրթահամալիրի, 2006 թվականից՝ Գորիսի պետական համալսարանի նախ ուսումնական, ապա՝ գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը։ Գորիսի պետական համալսարանի գիտական լաբորատորիայի հիմնադիր ղեկավարն է:

Գիտական աշխատանքներ ու դասախոսություններ է կարդացել քիմիայի տարբեր բնագավառներում»։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մահացել է շուրջ 250 գիտական աշխատանքների, սոսինձների շատ տեսակների գյուտի հեղինակ Ռազմիկ Վարդանյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*