Մատենադարանի աշխատակիցների ձեռքի տակ են լիբանանյան Զմմառի վանքի 489 ձեռագրի թվային լիարժեք պատճենները

Մաշտոցյան Մատենադարանի և Լիբանանի Զմմառի վանքի միջև համագործակցության շրջանակներում Հայաստանի մասնագետները մեկնել են վանք` շարունակելու սկսված աշխատանքները:

Այս աշխատանքների շնորհիվ Զմմառի վանքի 489 ձեռագրի նախնական նկարագրությունները և թվային լիարժեք պատճենները պատրաստ են, ինչը ավելի քան բավարար նյութ է Զմմառի վանքի ձեռագրացուցակի մեկ ծավալուն հատոր կազմելու համար:

«Արմենպրես»-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից հայտնել են, որ կատարված աշխատանքները լիարժեք հնարավորություն են ընձեռում գալիք տարվա ընթացքում ավարտել «Ցուցակ հայերեն ձեռագրաց Զմմառի վանքի մատենադարանի, հատոր Գ.» ծավալուն գրքի կազմումը և այն հանձնել տպագրման:

Զմմառում կազմակերպված տևական և ծավալուն աշխատանքները մեծապես նպաստելու են հայագիտության զարգացմանը, շնորհիվ որի վանքում պահվող ձեռագրերը աշխարհին կներկայանան նորովի՝ բովանդակային ողջ ճոխությամբ և հարստությամբ:

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Զմմառի վանքի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում 2015 թ. օգոստոսի 20-ից սեպտեմբերի 9-ը վանքում պահվող ձեռագրերի նկարագրման աշխատանքները կատարվել են նոր թափով: Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի վարիչ Գևորգ Տեր-Վարդանյանի գլխավորությամբ Զմմառ են մեկնել Մատենադարանի աշխատակիցներ Տաթևիկ Մանուկյանը, Հասմիկ Իրիցյանը, Նոննա Սարգսյանը և Քնար Հարությունյանը:

Վանքում նախատեսվող աշխատանքները մեկնարկել են 2013 թ. այցի ընթացքում նկարագրված ձեռագրերի թերի մնացած մասերի լրացմամբ, պարզվել են հարցական մնացած բոլոր կետերը, նկարվել ձեռագրերի պակասող էջերը և լրացվել-ամբողջացվել նկարագրված բոլոր ձեռագրերի թվային պատճենները:

Բեյրութից 30 կիլոմետր հեռու գտնվող Զմմառի վանքում այսօր գրանցված ձեռագրերի ընդհանուր քանակը 2 հազար 054 է. 682-ի նկարագրությունները հրապարակված են 1964 և 1971 թթ. հրատարակված երկու ստվար հատորով։ Հիմնական մասը 18-19-րդ դարերի ընթացքում Զմմառի միաբանների գրած ձեռագրերն են. աստվածաբանական, դավանաբանական, ծիսական ինքնուրույն և թարգմանական գործեր, դասագրքեր, քերականական և բառարանային երկեր։ Վանքն ունի նաև 300 միավոր արաբատառ՝ երևի հիմնականում արաբերեն ձեռագիր։ Սրանց պետք է ավելացնել նաև այն, որ կան դեռևս չմշակված և չճանաչված մագաղաթե պատառիկներ, եռագրերի առանձին պրակներ և ուղղակի ամբողջական ձեռագրեր, որոնց մշակումից և գրանցումից հետո Զմմառի չնկարագրված հայերեն ձեռագրերի քանակը վստահաբար անցնելու է 1100-ը։

Զմմառի վանքը Հայաստանից դուրս գտնվող հայկական մշակութային խոշոր և նշանակալի կենտրոնների առաջին շարքում է՝ Երուսաղեմի Սրբոց  Յակոբյանց, Վենետիկի Մխիթարյան և Վիեննայի վանքերի կողքին։ Վանքի «Արծիվյան» միաբանության անդամներն ամբողջ աշխարհից ավելի քան 270 տարի շարունակ հավաքել և խնամքով պահպանում են հայկական մշակութային տարատեսակ արժեքներ, որոնք այսօր աշխարհին նորովի ներկայացնելու կարիք ունեն:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մատենադարանի աշխատակիցների ձեռքի տակ են լիբանանյան Զմմառի վանքի 489 ձեռագրի թվային լիարժեք պատճենները"

Leave a comment

Your email address will not be published.


*