Մեծ զորամասերում Թումոյի տիպի տեխնոլոգիական կենտրոններ կբացվեն. Վիգեն Սարգսյան

Մեծ զորամասերում Թումոյի նման տեխնոլոգիական կենտրոններ կհիմնվեն: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 15-ին լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանը: Հանդիպմանը նախարարը քննարկել է բանակի խնդիրները, իր առաջ քաշած «Ազգ-բանակ» հայեցակարգը, հայտնում է Civilnet.am-ը:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվելու բանակում ընդհանուր կրթական մակարդակի բարձրացմանը։ «Խոշոր զորամասերում ստեղծվելու են լրացուցիչ կրթության օջախներ։ Այդ ուղղությամբ արդեն երկխոսություն ենք սկսել ՏՏ մի քանի ընկերությունների հետ։ Խոշոր զորամասերում ցանկանում ենք Թումոյի տիպի կենտրոններ ունենալ»,- ասել է նախարարը։ Նա նշել է, որ իրենց նպատակն է, որպեսզի զինվորը, ծառայությունն ավարտելով, առողջ, հայրենասեր և ավելի շատ գիտելիքներ ստացած վերադառնա։

Վիգեն Սարգսյանը կարևորել է ռազմական կրթության զարգացումը և նշել է, որ այն մեկուսացված է ընդհանուր կրթությունից։ Ներկայում կա ռազմական երկու բարձրագույն ուսումնական հաստատություն՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը։ Այս հաստատությունների շրջանավարտներն ապահովվում են աշխատանքով պաշտպանության համակարգում։ Բայցևայնպես, այս բուհերի դիմորդների թիվը նվազել է։ Նախարարն ասել է, որ բարեփոխվում են կրթական ծրագրերը, մեծացվում է ռազմական կրթության գրավչությունը։

Պաշտպանության նախարարը հիշեցրել է՝ ներկայում հնարավորություն կա, որ այլ բուհերում սովորողները կարող են շաբաթ օրերն այցելել ռազմական համալսարան և հետագայում հնարավորություն ունենան ծառայությունն անցնել որպես սպա:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մեծ զորամասերում Թումոյի տիպի տեխնոլոգիական կենտրոններ կբացվեն. Վիգեն Սարգսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*