Մինչև սեպտեմբերի վերջ ոստիկանության կարգախմբերը պարեկապահակետային ստորաբաժանումների հետ ծառայություն կիրականացնեն դպրոցամերձ տարածքներում. ՃՈ կապիտան

Երևան քաղաքը սպասարկող ՃՈ ստորաբաժանումներից բացի, ՃՈ կարգախմբեր  և ուժեր են Երևան բերվել նաև մարզերից, որ կարողանանք դպրոցամերձ տարածքներում ապահովել անվտանգությունը:

«Ազատություն» ռադիոկայանի եթերում այս մասին հայտնել է Ճանապարհային ոստիկանության կապիտան Խաչիկ Սամվելյանը:

Նա տեղեկացրել է, որ ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ ՃՈ-ն բազմաթիվ նախապատրաստական միջոցառումներ է իրականացրել, որի ընթացքում հանդիպումներ են եղել դպրոցների տնօրենների, կոլեկտիվների ու ծնողների հետ, քննարկվել են երեխաների անվտանգության հետ կապված հարցեր: Դպրոցների մերձակայքում Ճանապարհային ոստիկանության կողմից թարմացվել ու ավելացվել են հետիոտնային գծանշումները՝ երեխաների տուն-դպրոց, դպրոց-տուն ճանապարհն ավելի անվտանգ դարձնելու համար:

Բացի այդ, ճանապարհային նշաններով կահավորվել են դպրոցամերձ տարածքները՝ բացակայող տեղերում ավելացվել են, մաշվածները՝ փոխարինվել նորերով:

«Մանկավարժական կոլեկտիվների, տնօրենների ու ծնողների հետ հանդիպումները թույլ են տալիս Ճանապարհային ոստիկանությանն առկա խնդիրներն ավելի շոշափելի դարձնել, ավելի առարկայական դարձնել դրանց լուծումները»,-ասել է ՃՈ կապիտանը:

Նա պարզաբանել է, որ այս պահին հայտարարված է մեկամսյակ «Զգուշացե՛ք, երեխաները» կարգախոսով: Մինչև սեպտեմբերի վերջ ոստիկանության կարգախմբերը, ոստիկանության պարեկապահակետային ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ ծառայություն են իրականացնելու դպրոցամերձ տարածքներում: Խաչիկ Սամվելյանի խոսքով՝ մեկ ամիս հետո նույնպես ուշադրության կենտրոնում են պահվելու դպրոցամերձ տարածքները, սակայն այս մեկամսյա ծառայությունը տևելու է մինչև սեպտեմբերի վերջ:

«Առավոտյան ժամը 8.00-ից մինչև 9.15 կարգախմբերը հերթապահում են դպրոցամերձ տարածքներում, այնուհետև 11.30-13.00 յուրաքանչյուր կարգախումբ մոտենում է իր նշանակված վայր, որը չի փոփոխվում: ՃՈ ծառայողը, մեկ ամիս շարունակ ծառայություն իրականացնելով նշված հատվածում, ավելի պարզ կտեսնի ու կգիտակցի տվյալ դպրոցի հարակից տարածքում առկա խնդիրները, որպեսզի կարողանա արագ լուծումներ տալ»,-նշել է ճանապարհային ոստիկանը:

Նրա խոսքով՝ կարգախմբերի նշանակումը դպրոցների տարածքներում հիմնականում կապված է այն բանի հետ, որ երեխաներն արձակուրդում են եղել, 2-3 ամիսն ազատ ռեժիմով են ապրել, սովոր են վազվզել, խաղալ, հեծանիվ վարել: Այժմ, նրա խոսքով, պետք է նրանց հասցնել այն մակարդակին, որ հասկանան՝ արձակուրդներն ավարտված են, արդեն ուսուցողական փուլում են:

«Կարգախմբերը նշանակված են, որ կարողանանք ապահովել երեխաների անվտանգ անցուդարձը դպրոցամերձ տարածքներում, կուտակումներից, խցանումներից խուսափել, որ ուղղորդենք վարորդներին ու հետիոտն ծնողներին:

Մեր հիմնական գործառույթը և նպատակը միտված է նրան, որ կարողանանք երեխաներին հարմարեցնել այս նոր տեմպին: Մեկ ամիսը բավարար է»,-ասել է Խաչիկ Սամվելյանը:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մինչև սեպտեմբերի վերջ ոստիկանության կարգախմբերը պարեկապահակետային ստորաբաժանումների հետ ծառայություն կիրականացնեն դպրոցամերձ տարածքներում. ՃՈ կապիտան"

Leave a comment

Your email address will not be published.


*