Մոսկվայի դատախազությունը պահանջել է ծնողական իրավունքից զրկել ամուսնական զույգին, որը հուլիսի 27-ի ակցիային էր գնացել 1-ամյա երեխայի հետ

Մոսկվայի դատախազությունը ստուգումներ է իրականացնում հուլիսի 27-ին և օգոստոսի 3-ին քաղաքի կենտրոնում չարտոնված բողոքի ցույցերին անչափահասների ու փոքր երեխաների հետ մարդկանց մասնակցության վերաբերյալ, գրում է meduza.io-ն:

Գերատեսչությունը մասնավորապես դատարան է դիմել՝ պահանջելով ծնողական իրավունքից զրկել ամուսնական զույգին, որը հուլիսի 27-ի ակցիային էր գնացել 1-ամյա երեխայի հետ: Դատախազությունից նշել են, որ «բողոքի ակցիայի ժամանակ ծնողները երեխային տվել են երրորդ անձի, ինչը վտանգի է ենթարկել երեխայի կյանքն ու առողջությունը»:

Հաղորդվում է, որ այն անձը, որի ձեռքն են տվել երեխային, Սերգեյ Ֆոմինն է՝ Մոսկվայում «անկարգությունների գործով» անցնող անձանցից մեկը:

Նշվում է, որ երեխայի հայրը ձայնի իրավունք չունի սեպտեմբերին նախատեսված Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում, քանի որ Մոսկվայում ժամանակավոր գրանցում ունի:

Ֆոմինի նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարված: Ինչպես հայտնել են Քննչական կոմիտեից, լքելով հանրահավաքի վայրը՝ Ֆոմինն իր ձեռքն է վերցրել օտար մարդու երեխայի՝ առանց խոչընդոտների շրջափակված վայրը լքելու համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին և օգոստոսի 3-ին Մոսկվայի քաղաքապետարանի մոտ իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ակցիա էր անցկացվել, որի մասնակիցները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում:

Մոսկվայում հուլիսի 14-ից Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մոսկվայի դատախազությունը պահանջել է ծնողական իրավունքից զրկել ամուսնական զույգին, որը հուլիսի 27-ի ակցիային էր գնացել 1-ամյա երեխայի հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*