Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը. ուղիղ

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել և ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին։ 

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական կայքը, Մնացականյանի այցի շրջանակներում ՌԴ ԱԳՆ-ում կայանալիք բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության ողջ շրջանակը, արտաքին քաղաքական փոխգործակցությունը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ- և ԱՊՀ-ի գծով, դիրքավորումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում և այլ միջազգային հարթակներում: Տեղի կունենա մտքերի առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ։ Կքննարկվի Ռուսաստանի ԱԳՆ-ի և Հայաստանի ԱԳՆ-ի միջև 2020-2021 թթ. խորհրդատվությունների ծրագրի իրականացման ընթացքը:

Երկխոսության առանցքային թեմաներից մեկը կդառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի քննարկումը։ 2020թ. հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացման նպատակով կշարունակվի երկխոսությունը հակամարտության գոտում լարվածության թուլացման և առարկայական բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծման շուրջ, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 168 անօդաչու թռչող սարք, 514 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4919 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 429 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը. ուղիղ"

Leave a comment

Your email address will not be published.


*