Մոսկվան հուսով է, որ Լապշինի գործով օբյեկտիվ և արդար վճիռ կկայացվի. Բաքվում ՌԴ դեսպան

Ռուսաստանի Դաշնությունը հուսով է, որ Բելառուսում ձերբակալված և Ադրբեջանին փոխանցված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով օբյեկտիվ և արդար վճիռ կկայացվի: Այդ մասին «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը հայտնել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը:
«ՌԴ դեսպանատունը Լապշինի գործով օբյեկտիվ և արդար վճռի հույս է հայտնում՝ միջազգային-իրավական նորմերի և ռուս-ադրբեջանական համաձայնագրերի համապատասխան»,- ասել է Դորոխինը:
Նա նշել է, որ Լապշինի գործով «ադրբեջանական կողմը կատարել է գործող ռուս-ադրբեջանական համաձայնագրերով իր պարտավորությունները»:

«Դեսպանատունը ժամանակին տեղեկացվել է Ռուսաստանի քաղաքացու ձերբակալության մասին: Փետրվարի 9-ին՝ մեր կողմից դիմումի ուղարկման հենց հաջորդ օրը, հյուպատոսական աշխատակիցը հանդիպել է Լապշինի հետ: Մենք կարողացել ենք համոզվել, որ ձերբակալվածի պահման պայմանները նորմալ են: Նա բողոքներ չունի: Փաստաբանական պաշտպանությունն ապահովված է»,- հավելել է դեսպանը:
Ալեքսանդր Լապշինը երեքշաբթի հատուկ չվերթով Մինսկից տեղափոխվել է Բաքու:
Նույն օրն ավելի վաղ Բելառուսի գերագույն դատարանն ուժի մեջ էր թողել Ադրբեջանին Լապշինի արտահանձնման մասին երկրի գլխավոր դատախազության որոշումը:
Հունվարին Բելառուսի գլխավոր դատախազությունը վճռել էր Լապշինին արտահանձնել Ադրբեջանին՝ քրեական հետապնդման համար: Մինսկի քաղաքային դատարանն ուժի մեջ էր թողել Լապշինի արտահանձնման մասին դատախազության որոշումը: Բլոգերի փաստաբանները որոշել էին բողոքարկել այդ որոշումը վերջին ատյանում՝ Բելառուսի գերագույն դատարանում:
Բլոգերը ձերբակալվել է անցած տարվա դեկտեմբերի 15-ին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, որտեղ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Նրան ներկայացված մեղադրանքների համար կարող է 5-8 տարվա ազատազրկում սպառնալ:
Ադրբեջանը լրագրողին ներառել էր երկրի «սև ցուցակում» 2011-ին և 2012-ին Արցախ այցելելու համար:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մոսկվան հուսով է, որ Լապշինի գործով օբյեկտիվ և արդար վճիռ կկայացվի. Բաքվում ՌԴ դեսպան"

Leave a comment

Your email address will not be published.


*