Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի գործով որպես կասկածյալ հարցաքննվել է բեռնատարի վարորդը. նոր մանրամասներ

ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում շարունակվում է Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող «Մերսեդես Բենց» մակնիշի 50 AA 515 համարանիշով  ավտոբուսի՝ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ հարուցված քրեականի գործի նախաքննությունը։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ ՌԴ-ի քննչական մարմիններում ՀՀ ՔԿ ներկայացուցիչ Իլյա Վարովը մշտական կապի մեջ է ռուս գործընկերների հետ, և քննության ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ ՔԿ նախագահին։

Քննչական կոմիտեն, հաշվի առնելով հասարակական մեծ հետաքրքրությունը դեպքի վերաբերյալ, տրամադրել է որոշ տեղեկություններ ՌԴ իրավասու մարմինների վարույթում քննվող քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ՝ այն ծավալով, որքանի հրապարակումը չի խոչընդոտի գործի հետագա քննությանը։
Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին՝ ժամը 04։10-ի սահմաններում. Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի մարդատար ավտոբուսը բախվել է ավտոճանապարհի աջ կողմում կայանված «Սկանիա  R420LA4X2HNA» մակնիշի՝ ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատարին, որի առաջամասը բախվել է  առջևում կայանված  «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով մահացել է ավտոբուսի վարորդը և 4 ուղևոր, որոնցից 3-ը՝ ազգությամբ ռուս, ՌԴ քաղաքացի, իսկ 2-ը, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի։

ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի մարդու մահ), ստեղծվել քննչական խումբ։ Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական փորձաքննություններ, հարցաքննվել տարբեր անձինք, նրանց թվում՝ ավտոբուսի 26 ուղևոր։ Քրեական գործով հարցաքննվել է նաև «Սկանիա  R420LA4X2HNA» բեռնատար ավտոմեքենայի վարորդը՝ որպես կասկածյալ։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի գործով որպես կասկածյալ հարցաքննվել է բեռնատարի վարորդը. նոր մանրամասներ"

Leave a comment

Your email address will not be published.


*