«Մուրացան» ԲԿ-ում նորածնի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. Գլխավոր դատախազություն

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում 2017թ. փետրվարի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ հունվարի 29-ին «Մուրացան» ԲԿ-ում նորածնի մահվան դեպքի առթիվ:

Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Դատախազի հանձնարարությամբ 2017թ. հունվարի 29-ին նորածնի մահվան վերաբերյալ մամուլի հրապարակումների ուսումնասիրման և նախաքննական մարմնի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2017թ. հունվարի 26-ին՝ առավոտյան ժամը 08.00-ին, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակչուհի, 19-ամյա Ն. Բ.-ն, ծննդաբերելու նպատակով տեղափոխվել է Արմավիր քաղաքի ծննդատուն, որտեղ ծննդաբերելուց հետո վերջինիս հարազատներին հայտնել են, որ ծննդաբերության ժամանակ առաջացել են խնդիրներ, ինչի հետևանքով հունվարի 28-ի առավոտյան նորածնին շտապ տեղափոխել են «Մուրացան» հիվանդանոցային համալիր: Երկու օր անց երեխան մահացել է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են ստացվել «Արմավիր ԲԿ»-ի մանկաբարձ գինեկոլոգից, ծնարանի մանկաբարձուհիներից: Պարզվել է նաև, որ երեխան ծնվել է «ներարգանդային սուր հիպոքսիա, թոքաբորբ, շնչառակաան բավարարվածության երրորդ աստիճանի, երիկամային սուր անբավարարվածություն, հեմոռագիկ սինդրոմ, ցնցումային համախտանիշ» ախտորոշմամբ, ինչը կարող էր հետևանք լինել ծննդաբերության ընթացքում առաջացած բարդությունների հետևանքով պորտալարով երեխայի պարանոցի սեղման կամ ծննդաբերության ընթացքում իրականացված ոչ ճիշտ ծննդօգնության:

Արմավիրի բժշկական կենտրոնի աշխատակիցների կանչով «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցները նորածին երեխային շտապ կարգով, ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ 2017թ. հունվարի 29-ին վերջինս մահացել է:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ծննդօգնությունն իրականացնող բուժաշխատողների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին վկայող բավարար փաստական տվյալներ, որն անզգուշությամբ առաջացրել է նորածնի մահ, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում 2017թ. փետրվարի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Մուրացան» ԲԿ-ում նորածնի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. Գլխավոր դատախազություն"

Leave a comment

Your email address will not be published.


*