«ՅԱՐԵՆ ՏԻՐՈՋՆ Ա ՑԱՎ ՏԱԼԻՍ»

16 տարի է անցել ԱԺ-ում տեղի ունեցած ոճրագործությունից, սակայն այսօր` հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ 1999 թվականի «Հոկտեմբերի 27»-ի դեպքերը բացահայտված են: Մինչդեռ ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսօր ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ «Հոկտեմբերի 27»-ը բացահայտված չէ, այն բացահայտելու համար Հայաստանին ռեսուրսներ ու մեծ զինանոց է հարկավոր: Ինչևէ, նշենք, որ այսօր լրացավ հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործության 16-րդ տարելիցը:

Խորհրդարանի նախագահը, պատգամավորներն ու 16 տարի առաջ սպանված քաղաքական գործիչների հարազատները ծաղիկներ դրեցին Հոկտեմբերի 27-ին նվիրված հուշարձանի մոտ:

Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության և խորհրդարանի անդամներին: Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:

Իսկ այդ օրը ԱԺ-ում ներկա գտնվող նախկին պատգամավորներից Հակոբ Հակոբյանն ասաց. «Յարեն տիրոջն ա ցավ տալիս: Ես ուրիշների համար լացողներից չեմ, ու անկեղծ ասած «27»-ի դեպքերին չեմ վերաբերվում այն մարդկանց պես, ովքեր ժամանակին մեռնողների հետ մեղմ ասած «բարեկամ» չէին, բայց այսօր լաց են լինում զոհերի համար, քաղաքական դիվիդենտներ ստանալու համար»:

Հիշեցնենք նաեւ, որ ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«ՅԱՐԵՆ ՏԻՐՈՋՆ Ա ՑԱՎ ՏԱԼԻՍ»"

Leave a comment

Your email address will not be published.


*