Շվեյցարիայի ԱԳՆ-ն նախազգուշացրել է Թուրքիային անօրինական լրտեսման մասին

Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալտերն իր թուրք գործընկերոջը՝ Մևլութ Չավուշօղլուին, հայտնել է, որ իր երկիրը «խստորեն կհետաքննի» մինչ ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելիք հանրաքվեն Անկարայի կողմից երկրում ապրող թուրքերի անօրինական լրտեսումը, գրում է Hurriyet Daily News-ը:
Հանդիպման ընթացքում Շվեյցարիայի արտգործնախարարն ընդգծել է մտահոգություններն առ այն, որ Թուրքիան հանրաքվեի նախապատրաստման շեմին օգտագործում է հետախուզական իր ցանցերը Շվեյցարիայում Թուրքիայի քաղաքացիների գործողություններին հետևելու համար:

«Արտահայտվելու ազատությունը Շվեյցարիայի կողմից ճանաչված համամարդկային արժեք է, և մենք հուսով ենք, որ այս ազատությունը կգործի նաև Թուրքիայի քաղաքացիների համար՝ անկախ նրանից, թե նրանք քվեարկելու են Շվեյցարիայում, թե իրենց երկրում»,- ասել է Բուրկհալտերը՝ կոչ անելով Թուրքիային հետևել շվեյցարական օրենքներին:
Հայտարարությունում նաև նշվում է, որ Շվեյցարիան «խստորեն կհետաքննի անօրինական հետախուզական գործողությունները»:
Նշենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։
Վերջին շրջանում Թուրքիայի հարաբերությունները սրվել են եվրոպական մի քանի երկրների՝ հատկապես Նիդեռլանդների հետ։ Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որպեսզի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:
Նույն նպատակով, սակայն արդեն ցամաքային ճանապարհով, Նիդեռլանդներ էր մեկնել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայան, որի մեքենան կանգնեցրել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այնուհետև Նիդեռլանդների իշխանությունները նրան «անցանկալի անձ» են հայտարարել ու արտաքսել երկրից:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Շվեյցարիայի ԱԳՆ-ն նախազգուշացրել է Թուրքիային անօրինական լրտեսման մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*