Ուժեղ քամին Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում ավերածությունների պատճառ է դարձել (լուսանկարներ)

Վերջին օրերին ուժեղ քամին ավերածությունների պատճառ է դարձել գրեթե ողջ հանրապետությունում ՝ առանց այն էլ դժվարություններով ապրող մարդուն գցելով անելանելի դրության մեջ: Ասվածիս վառ օրինակն է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղը, որտեղ նոյեմբերի 13-ի լույս  14-ի գիշերը սաստիկ քամին պոկել է գյուղացի Վարդան Կիրակոսյանին պատկանող, բնակելի տան հարևանությամբ գտնվող, որպես մառան ծառայող շինության պատն ու տանիքը՝ վնասելով նաև մեքենան: Կարծես թե այսքանը բավարար չէր՝ տանիքի թիթեղը ուժեղ հոսանքից պատուհանը ջարդվելով ներս է ընկել՝ ահ ու սարսափի մատնելով տան անդամներին: Բարեբախտաբար, կամ երեևի թե ճիշտ կլինի սա հրաշք համարել, բայց սենյակում այդ պահին մարդ չի եղել: Լուսանկարներն այս դեպքում ավելի խոսուն են:

Այն հարցին, թե մոտավորապես որքան նյութական վնաս է պատճառվել՝ գյուղացի Կիրակոսյանը պատասխանեց. ‹‹Վնասների չափն ահավոր է, որովհետև ներկա դրությամբ էժան ոչինչ չկա, թեկուզ հին մեկ թիթեղն էլ այսօր արժե 3500 դրամ, իսկ առնվազն 100-ից ավել թիթեղ է ջարդվել ու վնասվել, էլ չեմ խոսում մյուս բաների, առավել ևս մեքենայի մասին, որ պատը փլվել է վրան››:

Նշենք նաև, որ սա միակ դեպքը չէր, ավերվել է նաև գյուղի մի շարք տների տանիքներ ևս, մեքենաներ, ջերմոցներ, ծառեր՝ երկու օր շարունակ հոսանքազրկելով ողջ գյուղը: Բարեբախտաբար, մարդկային վնասներ չեն եղել:

Իսկ թե արդյոք փոխհատուցում, որևէ օգնություն կցուցաբերվի գյուղացիներին և կա ու՞մ իրավասությունների ներքո է այս խնդրին լուծում տալը՝ գյուղապետի տեղակալ Մանվել Սահակյանն ասաց. ‹‹Այս առումով հիմա ոչինչ չենք կարող ասել, հետո կերևա, սա ոչ թե իրավասություն ունենալու կամ չունենալու հարց է, այլ  կախված է հնարավորություններից: Մենք կատարվածը ներկայացնում ենք մարզպետարան, որտեղ ընդհանուր տվյալները հավաքելով՝  ներկայացնում են Կառավարություն: Սա պաշտոնապես, իսկ գյուղապետարանը կօգնի գյուղացիներին՝ իր հնարավորությունների սահմաններում, իհարկե››:

Մերի Եղիազարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ուժեղ քամին Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում ավերածությունների պատճառ է դարձել (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*