Պատերազմի 3-րդ օրը վարչապետը հրաման է արձակել կանգնեցնել լրահամալրումը և կամավորներ ուղարկել առաջնագիծ․ Մովսես Հակոբյան (տեսանյութ)

Մեր զորահավաքը չի կատարվել: Դրա պատասխանատուն երկրի ղեկավարն է, պաշտպանության նախարարը, զինվորական կոմիսարիատը և տարածքային կառավարման նախարարը, ոչ գլխավոր շտաբի պետը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Ամսի 30-ի դրությամբ Արցախի Հանրապետությունն իր լրահամալրման պլանն իրականացրել է 78 տոկոսով, Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է 52 տոկոսով: Դա պետք է իրականացնեն 40 ժամվա ընթացքում, ես ասում եմ 5-րդ օրն է այդպիսին եղել: Երկրորդ օրն ավելի ցածր է եղել համալրման տոկոսը: Եվ այստեղ ևս մեկ հանցագործություն է կատարվել, որ երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրումը: Այն շատ բարդ գործընթաց է, բանակի բոլոր գործընթացներից ամենից բարդը դա է, որի համար պետության ջանքերն է պահանջում»,- ասաց նա:

Մովսես Հակոբյանը, բացի քաղաքական ղեկավարությունից, որոշակի սխալներ են թույլ տվել զինվորականները՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով. «Օբյեկտիվն այն է, որ այնտեղ, որտեղ պետք է իրականացնեն լրահամալրում, հակառակորդի կողմից ենթարկվել է լուրջ հրետակոծման, և ԱԹՍ-ները չեն թույլատրել անձնակազմի ընդունման կետերն ամբողջությամբ բացազատվել և լիարժեք կատարել գործառույթները»,- նշեց գեներալ-գնդապետը:

Նրա խոսքով՝ պատերազմի 3-րդ օրը վարչապետը հրաման է արձակել կանգնեցնել լրահամալրումը և կամավորականներին ուղարկել առաջնագիծ:

«Սա չեն կարող հերքել, որովհետև պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այդ գործընթացի համար, գիտեն, որ գալու է ժամանակը և սրա համար պատասխան պետք է տան՝ այդ գործառույթը չիրականացնելու համար, և ձայնագրել են խոսակցությունը: Եվ ինչ ենք ունեցել արդյունքում. ես առաջին օրվանից Արցախում էի, կամավորական ջոկատներ են գալիս, որոնք փայլուն տղերք էին, որևէ սպառազինություն, որևէ հանդերձանք չունեն, զորամասերում իրենց համար նախատեսված որևէ սպառազինություն և հանդերձանք չկա, նախատեսված է միայն ու միայն իրեն համապատասխան զորահավաքի համալրման համար»,- ասաց նա:

Մովսես Հակոբյանի տեղեկացմամբ՝ կամավորականները պատերազմի ընթացքում 1-2 ժամ զբաղեցրել են նախագահին և ՊԲ հրամանատարին՝ պատմելով իրենց հայրենասիրության մասին։

«Բանակի հրամանատարը պետք է մտածի, որոշում կայացնի՝ որտեղից ինչ հանի, բերի դրանց հագցնի, սպառազինի և ուղարկի: Ինչ-որ մի ձև հարցը լուծում են, ջոկատների մի մասին ասում են՝ դուք պետք է գնաք 9-րդ պաշտպանական, ասում են՝ ոչ, մենք այդտեղ չենք գնում կռվելու, մենք գնում ենք Ասկերան կռվենք: Մեզ Ասկերանում զորք պետք չի: Մի ձև ուղարկում ես: Մարդ, որը չունի կապի համակարգ, գործող անձնակազմի հետ, ներդաշնակված չէ, ինչպե՞ս նա պետք է կռվի: Եվ պատճառն առաջին իսկ մարտի ժամանակ այդ մարդիկանց մի մասը կոտորվում է մարտի դաշտում, մի մասը խուճապահար փախչում է»,- ասաց նա:

Մովսես Հակոբյանը հայտնեց, որ պատերազմի 5-րդ օրն արդեն Արցախում 1500 հոգի առաջնագծից փախածներ են եղել:

«Նրանք իզոլացվել են տարբեր տեղերում, որ չվերադառնան Հայաստան և խուճապ չառաջացնեն: Եվ այդքան մարդկանց վրա մարդ է նշանակվել, զորքից կտրվել, որպեսզի դրանց պահեն, դրանց կերակրվել է բանակի զինվորների սնունդով։ Մեր հարգարժան գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, Գեներալ Ալեքսանյանը, գնդապետ Բալասանյանը և տարբեր զինվորականներ բացատրական աշխատանքներ են տարել, որպեսզի մի մասին վերադարձնենք բանակի շարքեր: Փախածների մի մասի սկիզբը դրել են կամավորականները, իսկ այնտեղ չես կարող տարբերել՝ կամավորական է, թե կցագրված անձնակազմ: Դրան միացել է կցագրված անձնակազմը, և պատերազմի ժամանակ հրամանատարը նայում է դեպի առաջ, ոչ թե թիկունք»,- նշեց ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Պատերազմի 3-րդ օրը վարչապետը հրաման է արձակել կանգնեցնել լրահամալրումը և կամավորներ ուղարկել առաջնագիծ․ Մովսես Հակոբյան (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*