Պետական հատվածում միջին աշխատավարձը մոտ 162,000 դրամ է, իսկ մասնավորում՝ շուրջ 193,000 դրամ, երկրում զբաղվածության թիվը 2019թ. աճել է 4.3%-ով. Ատոմ Ջանջուղազյան

Հայաստանում նախորդ տարի արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճին հիմնականում նպաստել են ծառայությունների ոլորտը և արդյունաբերությունը: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Տնտեսական աճի պայմաններում բնակչության կողմից տնօրինվող եկամուտն աճել է, աճել են վարկավորման ծավալները: Արդյունաբերական որոշ արտադրատեսակների նկատմամբ արտաքին պահանջարկի աճը ևս հանգեցրել է նման դրական ցուցանիշի»,-ասաց նա:

Նա նշեց, որ միջին գնաճը 2019թ. կազմել է 1.4 տոկոս և ոչ պարենային ապրանքների գները 1.5 տոկոսի չափով գնաճ են ունեցել, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը կազմել է 1.9 տոկոս: «Միջին ամսական աշխատավարձը նախորդ տարում կազմել է 182 հազար 673 դրամ: Ընդ որում պետական հատվածում միջին աշխատավարձը շարունակում է մնալ ավելի ցածր, քան մասնավորում: Պետական հատվածում միջին աշխատավարձը մոտ 162 հազար դրամ է, իսկ մասնավորում՝ շուրջ 193 հազար դրամ: Զբաղվածության թիվը հաշվետու տարում աճել է 4.3 տոկոսով»,-ասաց նա:

Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ կառավարությունը նախատեսում է 2020թ. պետական բյուջեի՝ նախատեսված դեֆիցիտը ֆինանսավորել թե՛ արտաքին, թե՛ ներքին աղբյուրներից: «Ապրիլին հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ակնկալվում է, որ համաշխարհային տնտեսության անկումը կլինի շուրջ 3.5 տոկոս: ԵՄ-ի համար կանխատեսվում է շուրջ 7.5 տոկոս անկում, իսկ ՌԴ-ի համար՝ 5.5 տոկոս անկում: Դա ենթադրաբար չի կարող իր արտացոլումը չգտնել մեր՝ այս տարվա սպասումների տեսակետից: Եվ այդ 324 մլրդ դրամ դեֆիցիտի պայմաններում մենք գնահատեցինք, որ հայտարարված հակաճգնաժամային միջոցառումներն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է ներգրավել շուրջ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ»,-ասաց նախարարը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Պետական հատվածում միջին աշխատավարձը մոտ 162,000 դրամ է, իսկ մասնավորում՝ շուրջ 193,000 դրամ, երկրում զբաղվածության թիվը 2019թ. աճել է 4.3%-ով. Ատոմ Ջանջուղազյան"

Leave a comment

Your email address will not be published.


*